Լրագրողական միջավայրում մտահոգության գլխավոր առարկա է դարձել դատական մարմինների հետևողականությունը՝ պարտավորեցնել զանգվածային լրատվական միջոցներին բացահայտել տեղեկատվության միջոցը։

 

«Այս տարվա հունիսի 26-ին առաջին ատյանի դատարանը պարտադրել էր «Հրապարակ» օրաթերթին և «iLur.am» կայքին բացահայտել քրեական թեմայով հրապարակման տեղեկատվության աղբյուրը՝ անտեսելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ։

 

Երկու լրատվամիջոցն էլ բողոքարկեցին դատարանի որոշումը, սակայն վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրանց բողոքը, որից հետո վերը նշված ԶԼՄ-ները հայտարարեցին, որ կդիմեն ՀՀ վճռաբեկ դատարան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2014թ. երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) զեկույցը։

 

Նա նկատեց, որ դատական ատյանների վերը նշված պահանջները կապված են այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ դատախազության' լրատվամիջոցներին ներկայացված պահանջի հետ, ըստ որի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում նախաքննական տվյալներն առանց դատախազության թույլտվության հրապարակելու դեպքում։

 

Աշոտ Մելիքյանը դրական գնահատեց Ազգային ժողովին կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով առաջարկվում է հստակեցնել գովազդի հեռարձակման ծավալը եթերում՝ յուրաքանչյուր ժամվա կտրվածքով։

 

«Այս օրինագծով, որն արդեն անցել է առաջին ընթերցումը, նախատեսվում է հեռուստատեսություններին պարտադրել 1 եթերային ժամվա ընթացքում գովազդի տևողությունը չգերազանցել 14 րոպեից»,- ասաց նա և հավելեց, որ ներկայումս հեռուստաընկերությունները կարող են 1 եթերային ժամվա ընթացքում գովազդ չհեռարձայնել, սակայն հաջորդ ժամվա ընթացքում 28 րոպե գովազդ հեռարձակել, ինչը կբացառվի «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո։

 

Անդրադառնալով խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին՝ փորձագետը նշեց, որ լրագրողների իրավունքների խախտումների դեպքերը 2013թ. երրորդ եռամսյակի համեմատ նվազել են. 2013թ. երրորդ եռամսյակում արձանագրվել էր լրագրողների իրավունքների խախտումների 18 դեպք, 2014թ. նույն ժամանակահատվածում՝ 11 դեպք։

 

«2014թ. երրորդ եռամսյակում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք, ԶԼՄ-ի և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 8 դեպք ու տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 1 դեպք։ Բացի այդ՝ նախորդ եռամսյակի համեմատ 6-ով ավելացել են լրագրողների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական հայցերը»,-հավելեց բանախոսը։

 

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ն նշում է, որ բերված տվյալները կարող են սպառիչ չլինել, քանի որ ԶԼՄ-ի ներկայացուցիչները երբեմն հարկ չեն համարում հրապարակայնացնել իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերը և նախընտրում են ինքնուրույն լուծել ծագած խնդիրները ու հաղթահարել ապօրինի սահմանափակումները։