Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստը շարունակվում է դռնփակ ձևաչափով:
Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մեղադրյալների պաշտպանները դատարանում ներկայացրել են հիմնավորումները, որ մեղադրվող անձինք պետք է ազատ արձակվեն և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան: «Դատախազները ներկայացրին իրենց հիմնավորումները, թե ինչու նրանք պետք է շարունակեն կալանքի տակ գտնվել»,-ասաց Սարգսյանը:
Նա հավելեց, որ յուրաքանչյուր ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու մասով փորձում են հիմնավորումներ ստանալ, քանի որ մեղադրող կողմի հիմնավորումները վերացական են: «Նշվում է, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում նրանք կարող են խոչընդոտել գործի քննությանը: Հիմա ուզում ենք հասկանալ, թե ինչու այս խնդիրը կա յուրաքանչյուր ամբաստանյալի մասով»,- մանրամասնեց Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ գործով կան այլ մեղադրյալներ, որոնց դեպքում նախաքննության մարմինն այլ խափանման միջոցներ է կիրառել:
Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել: Անձնական երաշխավորությամբ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաեւ, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։
Նշված քրեական գործն ըստ մեղադրանքի' Դավիթ Էդգարի Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթեւոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Վալոդյայի Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Արտաշի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Եգորի Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վարազդատի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով։