Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, սկսվել է ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը, որի ընթացքում նախատեսված է վկաների հարցաքննությունը, գործով առկա ապացույցների հետազոտումը։
Նիստի ընթացքում դատարանը գործին վերաբերող 7 իրեղեն ապացույց ներկայացրեց․ իրեղեն ապացույց համարվեց Արսեն Դավթյանի բջջային հեռախոսը, Դավթյանի մոտ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված 30 հատ ԱՄՆ դոլար արժողությամբ գումարը և 2 սկավառակ։
Արսեն Դավթյանի պաշտպանը դատարանին խնդրեց իր պաշտպանյալին վերադարձնել հեռախոսը կամ գոնե հեսախոսահամարը․ «Հեռախոս ունեմ, ուղղակի վերջին 20 տարվա բլոկնոտս քարտի վրա է»,- դատավորին հարցերին ի պատասխան՝ ասաց Դավթյանը։
Նշենք, որ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Իսկ մանկաբարձ գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի' նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։