Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 18-ին՝ ժամը 13։00-ին։

Պաշտպան Արամ Վարդևանյանն, անդրադառնալով նախկինում գործող Քր․դատ․-ի 300 հոդվածին, հիշեցրեց, որ այդ հոդվածի փոփոխության ժամանակ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը մատնանշել է դրա մեջ առկա 5 թերություն։

 

«Եթե ԱԺ բարձր ամբիոնից նման հայտարարություն է արվում ու դրա վերաբերյալ գործադիրը, դատական իշխանությունը, դատախազությունը հակառակ պնդում չեն անում, դա արդեն խոսում է Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ենթադրյալ արարքի պահին գործող քրեական օրենքի նորմի թերության և առհասարակ բացակայության մասին», - ասաց փաստաբանը։

 
 
 

Վարդևանյանի խոսքով՝ ՄԻԵԴ պրակտիկայում հանդիպած մի շարք գործեր վկայում են, որ այն հակասում է մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիային։ Նա նշեց, որ Ռ․ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի կիրառումը այս պահին քննարկվում է ՄԻԵԴ Մեծ պալատում, Վենետիկի հանձնաժողովում և Սահմանադրական դատարանում, ինչը փաստում է տվյալ նորմի վիճելի լինելու մասին։

 

Պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանն ընդգծեց, որ միջնորդություններ ներկայացնելիս, պաշտպանները հասկանում են, որ դրանց վերաբերյալ դրական որոշում կայացնելը կարող է վտանգավոր լինել դատավորի անձի համար՝ հաշվի առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակը։