Բաքվում անհայտ անձինք առեւանգել եւ անհայտ ուղղությամբ են տարել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Թուրխան Քերիմովին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ին հայտնել է նրա եղբայրը' Ազիզ Քերիմովը:

 

«Նա ամեն առավոտ հանդիպում էր ընկերոջը եւ նրա մեքենայով գնում աշխատանքի: Առավոտյան մոտ ժամը 11-ին տանից դուրս գալուն պես երկու անհայտ անձինք նրան բռնությամբ մտցրել են սեւ մեքենայի մեջ եւ տարել: Ընկերը փորձել է հետապնդել մեքենային, սակայն կորցրել է հետքը», -թերթին հայտնել է Ա. Քերիմովը:

 

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ տեղյակլ չէ միջադեպից:

 

Թուրխան Քերիմովը «Ազադլըգ» ռադիոկայանի կայքի լուսանկարիչ-լրագրողներից է: Նա նյութեր է պատրաստում սոցիալական եւ քաղաքական թեմաներով եւ Facebook-ի ակտիվ բլոգեր է: