«Ազատություն» ռադիոկայանի ղեկավարներից Նենադ Փեիջը հայտարարել է, որ ռադիոկայանի դեմ դատական գործը, ինչպես նաեւ Խադիջա Իսմայիլովայի հասցեին մեղադրանքները որեւէ հիմք չունեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փեիջը հայտարարել է, որ բոլոր այդ մեղադրանքները պետք է հանվեն, իսկ Խադիջա Իսմայիլովան պետք է անհապաղ ազատ արձակվի:
«Մենք ունենք մեր հեռարձակման իրավունքները ճանաչելու մասին Ադրբեջանի պետական գերատեսչությունների բոլոր փաստաթղթերը, այդ թվում' հարկային փաստաթղթերը, աուդիտի արդյունքներն անցած մի քանի տարիների համար: Բոլոր այդ մեղադրանքները պետք է հանվեն, իսկ մեր աշխատակցուհին' Խադիջան, պետք է անհապաղ ազատ արձակվի», -ասել է Փեիջը:
Նրա հայտարարությունը հաջորդել է Խ.Իսմայիլովայի կալանքի ժամկետը մինչեւ մայիսի 24-ը երկարացնելու մասին Բաքվի դատարանի ընդունած որոշմանը: Հետաքննությունը դա կապել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի գործունեության հետագա քննության անհրաժեշտության հետ:
Փետրվարի 13-ին Խադիջա Իսմայիլովայի դեմ «հարկերից խուսափելու», ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու» եւ «պաշտոնեական լիզորությունները չարաշահելու» հոդվածներով նոր մեղադրանքնմեր են առաջադրվել:
Լրագրողը, ով կառավարական չինովնիկների շրջանում կոռուպցիայի մասին տեղեկություններ էր հավաքում, ուրբաթ տեղի ունեցած դատալսման ժամանակ ասել էր, որ իր դեմ բոլոր մեղադրանքները շինծու են եւ քաղաքական դրդապատճառներ ունեն:
Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը, ով կալանքի տակ էր առվել 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, դատապարտել են բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Նրանք ադրբեջանական իշխանությունների' Իսմայիլովայի նկատմամբ հետապնդումներն անվանել են իշխանության բարձրագույն ղեկավարության սանձազերծած արշավի մաս, որը նպատակ է դրել վախեցնել եւ ստիպել լռել անկախ ակտվիստներին ու լրագրողներին:
Անցյալ դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչները խուզարկություն են անցկացրել, հետո փակել եւ կնքել են այն: Ասվել է, որ խուզարկությունն անցկացվում է որպես արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպության գրասենյակի ստուգման շրջանակում:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարիների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:
Խադիջա Իսմայիլովի ձերբակալությունը դատապարտել են Եվրամիությունը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրահանձննաժողովը, ԵԱՀԿ-ը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, «Ազատ Եվրոպա» «Ազատություն» ռադիոկայանների կորպորացիաների գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը, Ադրբեջանի «Մուսավաթ», «Ումիդ», «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները եւ բազմաթիվ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:
Կանանց միջազգային օրվա' Մարտի 8-ի կապակցությամբ «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը Խադիջա Իսմայիլովային ներառել է 10 կին լրագրողների ցուցակում, որոնք գտնվում են կալանքի տակ աշխարհի տարբեր կետերում պետական մակարդակով կոռուպցիայի մասին գրելու համար: