Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմում գերի էին վերցրել Սիրիայի քաղաքացիներ, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը Հայաստանում են։
Այդ մասին Medialab.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երկու արաբների փաստաբան, հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
«Նման տեղեկություններ չունեմ, եթե նման բան լիներ, առաջինը ես տեղեկացված կլինեի։ Նրանք երկուսն էլ այժմ գտնվում են կալանքի տակ»,- ասաց փաստաբանը՝ հերքելով սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, թե հայկական կողմը վերադարձրել է սիրիացի վարձկաններին։
Յուսեֆ Ալաբեթ ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ Շխերը մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։
45-ամյա Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերն ասել էր, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Նա խոստովանել էր, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին:
Նա ասել էր նաև, որ իրենց խոստացել են 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Նախքան ռազմաճակատ բերվելը նրանք մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:
32-ամյա Յուսեֆ Ալաբեդ ալ Հաջին ավելի վաղ Հայաստանի իրավապահներին պատմել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ է, գրել-կարդալ չգիտի, հայրենիքում ընտանիքը պահել է անասնապահությամբ և հողագործությամբ։ Պատմել է նաև, որ դեռևս հոկտեմբերին իրենց հարևան գյուղի իր ծանոթ բնակիչը՝ Իբրահիմ անունով, ում դիմում են նաև որպես Աբու Ահմադ, իր տուն է եկել և հայտնել, որ Ադրբեջանում եռամսյա զորավարժություններ են, կարող է մասնակցել, ինչի համար ամսական 2000 դոլար կստանա։ Թեպետ ընտանիքը դեմ է եղել, նա համաձայնել է և հոկտեմբերի 18-ին 500 այլ վարձկանների հետ եկել է Ադրբեջան։
Դեռևս նոյեմբերին կալանավորված վարձկանների կալանքի երկամսյա ժամկետը վերջերս ավարտվել էր, և Քննչական կոմիտեն դարձյալ միջնորդություն էր ներկայացրել ևս երկու ամսով վարձկաններին կալանավորելու համար։ Սակայն նրանց փաստաբան Էդուարդ Աղաջանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով ազատ արձակել նրանց կալանքից։
«Իմ կողմից կալանավորման ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Հայցադիմումս մուտք է արվել, ընդունվել է վարույթ, այս քանի օրերի ընթացքում նիստ կկայանա, և մեր բողոքները կլսվեն»,-ներկայացրեց փաստաբանը։
Կայքը հետաքրքրվել է՝ ի՞նչ հիմքով է նման պահանջ ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն փաստաբանը դժվարացավ հստակ պատասխան տալ՝ նշելով, որ վաղուց է բողոքը մուտք արել, բովանդակությունը չի հիշում։ «Տարբեր հիմքեր են դրվել բողոքի հիմքում։ Մենք ուղղակի համաձայն չենք, որ կալանքի ժամկետը երկարացվի»,- հավելեց փաստաբանը։
Մյուս հարցին, թե արդյոք դա նրա՞նց ցանկությունն է եղել, Աղաջանյանը արձագանքեց․ «Իրենց ցանկությունն է եղել, իրենց իրավունքն է եղել, որը իրացվել է»։
Այլ հարցերի հանրային պաշտպանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը և փաստաբանական էթիկայի կանոնները․ «Ես իմ պաշտպանյալների հետ չեմ համաձայնեցրել, թե ինչ ծավալով տեղեկություն կարող եմ հանրայնացնել»։