Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 4-ին, տեսանյութ է հրապարակել Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի կրթահալաիրի բացման արարողությունից։
Ելույթում նշում է․ «Շատ է քննարկվում և երբեմն քննադատվում, թե մենք ինչ-որ գյուղերում դպրոց ենք փակում։ Ես ուզում եմ ընդգծել, որ մենք ոչ մի գյուղում դպրոց չենք փակում»։
Ընդամենը մեկ օր հետո՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց հերթական դպրոցի փակման մասին։
Համաձայն հիմնավորման, Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոցի աշակերտների թիվը 192 է, իսկ աշխատակիցների թիվը՝ 46: Նույն քաղաքում գտնվող Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոցն ունի 392 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 20 սան) և 53 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները):
Կառավարությունը պարբերաբար նիստերում կայացնում է դպրոցների փակման որոշումներ։
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բոլոր գյուղերի համար դպրոցներ են կառուցվում, նա նկատի ունի, որ մեկ դպրոց կառուցվում է միանգամից մի քանի գյուղերի համար։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր մինչև 2026 թվականը կառուցել-վերանորոգել 300 դպրոց, այնինչ խոստման վերջնաժամկետից մեկ և կես տարի առաջ կառուցվել-վերանորոգվել է ընդամենը 30 դպրոց՝ խոստացածի 10 տոկոսը։