Հատուկ անդրադարձ եմ ուզում կատարել Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին, որոնք ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել: Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները կարող են մեզ մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ: Հակառակ դեպքերը ցավոք բազմաթիվ են: Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ, ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ: Բայց նաև կարևոր է հասկանալ՝ թե ինչ և ինչու է տեղի ունենում մեր հարաբերություններում խորքային և հայեցակարգային իմաստով»,- նշեց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թ. մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունը եղել են հետևյալը՝ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության շահերի և հետաքրքրությունների հարգման վրա և ինքը պատրաստ է այսպիսի երկխոսության։