Ինքնասպանության հասցնելու մեղադրանքով լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունն արտահայտվելու եւ ժողովրդավարության ազատության դեմ քայլ է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Եվրամիության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: «Ադրբեջանը պետք է կատարի ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, ապահովի մամուլի ա զատությունը: Եվրամիությունը հետեւելու է Խադիջա Իսմայիլովայի գործի ընթացքին», -նշված է հայտարարության մեջ:

 

«Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Խադիջա Իսմայիլովան 2 ամիս ժամկետով կալանքի է ենթարկվել դեկտեմբերի 5-ին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել կապված «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության եւ «Մեյդան ԹՎ» հեռուստաալիքի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաեւին «ինքնասպանության փորձի դրդելու» հետ կապված հարուցված գործով: Եթե լրագրողուհուն մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում:

 

Փաստաբան Էլթոն Գուլիեւը հայտարարել է, որ Իսմայիլովային ձերբակալելու դատարանի որոշումն անօրինական է եւ կապված է նրա լրագրողական գործունեության հետ:

 

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակն է, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարիների հասնող ունեցվածքը:

 

Խադիջա Իսմայիլովի ձերբակալությունը դատապարտել են նաեւ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանների կորպորացիաների գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը, Եվրոպայի Խորհուրդը, Ադրբեջանի «Մուսավաթ», «Ումիդ», Ժողովրդական ճակատ կուսակցությունները եւ բազմաթիվ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:-