Միջազգային իրավապաշտպան Front Line կազմակերպությունը հանդես է եկել Ադրբեջանում հայտնի իրավապաշտպան, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը դատապարտող հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, հայտարարության մեջ շեշտվում է, որ Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը քաղաքական պատվեր է, եւ Ադրբեջանի իշխանությունից պահանջվում է անմիջապես ազատ արձակել լրագրողուհուն:
«Խադիջա Իսմայիլովան հեղինակավոր, արհեստավարժ լրագրող է: Նա հետազոտել է Ադրբեջանի նախագահի եւ նրա ընտանիքի անդամների բիզնեսն ու բացահայտել չինովնիկների կոռուպցիոն փաստերը: Խադիջան այդ հետազոտությունների համար ճնշումների էր ենթարկվել նաեւ ավելի վաղ: Վերջին անգամ արգելվել էր նրան դուրս գալ երկրից: Խադիջայի ձերբակալությունը քաղաքական պատվեր է եւ կապված է նրա հետազոտությունների հետ: Մենք Ադրբեջանի իշխանությունից պահանջում ենք անմիջապես ազատ արձակել եւ խոչընդոտներ չհարուցել նրա հետագա գործունեությանը», -ասվում է հայտա րարության մեջ:
Խադիջա Իսմայիլովի ձերբակալությունը դատապարտել են նաեւ Եվրամիությունը, Եվրոպայի Խորհուրդը, ԵԱՀԿ-ը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանների կորպորացիաների գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը, Ադրբեջանի «Մուսավաթ», «Ումիդ», «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները եւ բազմաթիվ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարիների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:
Խադիջա Իսմայիլովան 2 ամիս ժամկետով կալանավորվել է դեկտեմբերի 5-ին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել «Ազադլըգ» ռադիոկայանի եւ «Մեյդան ԹՎ» հեռուստաալիքի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաեւի «ինքնասպանության փորձի դրդելու» հետ կապված հարուցված գործով: