Նոյեմբերի 1-ին ՀՀ ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվեց:
Գաղտնիք չէ, որ այս գործընթացին սպասել են ոչ միայն այսօրվա իշխանությունները, այլեւ քաղաքական լուսանցքում մնացած մի շարք միջին ու մանր-մունր ուժեր: Այսօր արդեն, պատրաստվելով խորհրդարանական ընտրության թեժ մրցապայքրին, վերոգրյալ մանր-մունրները փորձում են «իրենց տեղը գտնել արեւի տակ», իսկ ավելի կոնկրետ՝ խորհրդարանում:
Հենց այդ պատճառով է, որ գործի են դրվում հնարավոր բոլոր միջոցները` հարգանք ու հեղինակություն վայելող քաղաքական գործիչներին «սեւացնելու» ու հանրության աչքից գցելու համար:
«Մրոցին», ինչպես միշտ, այս անգամ եւս իրականացվում է անսկզբունք ու օբյեկտիվ լրատվության հետ որեւէ աղերս չունեցող ԶԼՄ-ների միջոցով: Օրերս վերոնշյալ լրատվամիջոցները, «կախվելով» եւ այլակերպելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե գործարարի ինչին է պետք հայտնվել ԱԺ-ում, փորձել են մանիպուլյացիաներ անել` որպես թիրախ ընտրելով ժողովրդի անկեղծ սերն ու հարգանքը վայելող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Իհարկե, մտավոր մեծ ունակություններ պետք չեն` հասկանալու համար վարչապետի հայտարարության ուղիղ իմաստը: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ցանկացել է ընդգծել այն հանգամանքը, որ նախկին համակարգում եղած ռեպրեսիվ մեխանիզմներն այլևս գոյություն չունեն, և գործարարները խորհրդարանում լինելու կարիք չունեն, որպեսզի ապահովագրեն իրենց ունեցվածքն ու բիզնեսները:
Արի ու տես, որ վարչապետի մտքի համատեքստում որոշների փայլատակած ուղեղներում նշմարվել է նաև Գագիկ Ծառուկյանի անունը: Իրենց հոդվածներում պատվեր կատարողները նշել են, որ Գ. Ծառուկյանը ևս գործարար է, հետևապես, նա ևս չպետք է հայտնվի խորհրդարանում:
Բայց այստեղ՝ մի փոքր «справочка»` Ծառուկյանը ոչ թե գործարար, այլ խոշոր սեփականատեր է, ով նաև սեփական ժողովրդի ու պետության լավագույն շահի համար պայքարող հայրենասեր է, ինչպես նաև արդեն իսկ արձակված խորհրդարանի՝ իր մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարն է: Հասկանալի է, չէ ՞, թե ինչու են նպատակաուղղված կերպով շահարկում նաև Ծառուկյանի անունը… Թիրախ են դարձրել` հաշվի առնելով մինչ օրս քաղաքական դաշտում գրանցած նրա ձեռքբերումներն ու հաջողությունները, հասարակության մեջ նրա դերն ու հեղինակությունը:
Մինչդեռ նա քաղաքականությամբ է զբաղվում մեկ նպատակով` ցանկանալով գործի դնել ու պետությանը ծառայեցնել հայրենիքի սահմաններից դուրս ունեցած կապերն ու լայն հնարավորությունները: ԲՀԿ առաջնորդի կողմից կյանքի կոչված խոշորագույն ծրագրերն ու ներդրումները ոչ թե խոսքեր, այլ անջնջելի փաստեր են, որոնք խթան են հանդիսացել ՀՀ տնտեսության զարգացման, ինչպես նաեւ մեր երեխաների վաղվա օրվա պայծառ ապագայի համար:
Թող որ բոլոր քաղաքական գործիչները կարողանային սեփական քաղաքական կշիռն ու մանդատը ծառայեցնել իրենց պետությանն այնպես, ինչպես դա արել է Գագիկ Ծառուկյանը: Ինչ վերաբերվում է մանր ու էժան խաղեր տվողներին, ապա տեղին է հիշել ժողովրդական հայտնի խոսքը՝ «պատին խփելուց՝ ձեռքն է փշրվում»: