Քաղաքական պատվեր է․ 3 տարի է աշխատում էին մեզ վրա մի բան սարքել, վերջը անունս ինչ-որ կերպ փորձում են կապել էս գործին, բայց չի ստացվի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով քիչ առաջ Շիրակի մարզի դատախազության կողմից իրեն առաջադրված՝ պետական, համայնքային բազմաթիվ գույքեր չարաշահումներով օտարելու մեղադրանքին։
«Ով Քոչարյան Ռոբերտին պաշտպանում է, բնական է, որ այդպես պետք է լինի։ Թե չէ, մեկ էլ ինչի խառնվեցին իրար ու անհիմն մեղադրեցին։ Միանշանակ բողոքարկելու ենք, ինչքան օրենքի տառով տեղ ունենք, եթե պետք եղավ մինչև Եվրամիություն։ Նենց խայտառակեմ ու վարկաբեկեմ, որ իմանան, հլը մեզ լավ չգիտեն»,- նշեց նա։
Ղուկասյանն օրինակ բերեց՝ եթե 1000-1500 աշխատող հանցանք գործած լինի նրանց փոխարեն ի՞նքը պետք է պատասխանատվություն կրի․ «Էսօր հերը տղու տեղը պատասխան չի տալիս, կամ հակառակը, ուր մնաց, թե էսպես։ Հլը նախ պիտի ապացուցեն, որովհետև այնտեղ այնպիսի մարդիկ են աշխատել, որ հնարավոր չէ նման բան արած լինեն»։
Դատախազության հաղորդագրության մեջ հողհատկացումների մասին նշվածն, ըստ Ղուկասյանի, օդի միջի խոսակցություններ են․ «Հատիկ-հատիկ մեր մասնագետները հարցերին կպատասխանեն, ովքեր այդ ժամանակ աշխատել են։ 10 տարի անցել է, նոր հիշել են։ Գործը մի հարյուր անգամ ստուգված է․ այսինքն՝ իրենք պիտի դատեն մարզպետարանի ստուգող կառույցներին, քաղաքաշինության, տարածքային կառավարման, նախագծի վերահսկողական, ՀՔԾ ծառայության հարյուր քննիչներին, նրանք բոլորը դրական եզրակացություն են տվել, հիմա սրանք, էս մի քանի հոգին եկել ինչ-որ մի բան են ուզում սարքել, հիմարություն էլի, հերթական շոուն։ Փոխանակ նայեն, թե քաղաքի ստադիոնը, տեխնոպարկը ո՞ւմ է պատկանում, ո՞նց քաղաքի 45%-ը վերցրին, նվիրատվություն արեցին Ջրմուղին, չգիտեմ՝ ով է դրա սեփականատերը, երկրաշարժից հետո արգելոց-թանգարանի միլիարդները որտե՞ղ է գտնվում, քաղաքի միլիոններն ովքե՞ր կերան, ի՞նչ արին։ Այ սրանք թող պարզեն, թե չէ ի՞նչ են ընկել մի քանի հողհատկացման հետևից։ Պատկերացրեք մի գործ է, տակը 10 հոգի կազմակերպում է, ստորագրում, վերջում քաղաքապետը որոշում է կայացնում։ Դա նշանակում է, որ եթե որևէ մեկը հանցանք գործի, քաղաքապետը՞ պետք է պատժվի դրա համար»,- ծիծաղելով ասաց Ղուկասյանը։
Սոնա Հարությունյան