Իմ նկատմամբ հարուցված հետախուզումը դադարեցվել է ոչ թե Հայաստանի կողմից, այլ՝ ինտերպոլի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը:

«Ինտերպոլը ուսումնասիրելով ՀՀ գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի հետ համատեղ ուղարկված փաստերը, թե իբր Վարդան Ղուկասյանը շորթող է, բանդայի ղեկավար է, հանցագործ է և նման 40 մեղադրանքներ, եկել է եզրակացության: Մեր փաստաբանական թիմը դիմել էր ինտերպոլին՝ նշելով, որ Հայաստանի իրավապահ համակարգը խաբում է: Ինտերպոլը քննարկելով իմ և ՀՀ իրավապահ համակարգի կողմից բերված հիմնավորումները հասկացավ, որ ՀՀ պետական ու իրավական մարմինները փորձում են իրեն օգտագործել իրենց անձնական, քաղաքական շահերի հորինված քրգործերով, հետևաբար ասաց՝ «դուք սրիկա եք, հաջողություն»: Հայաստանի պատմության մեջ նման դեպք չկա, որ ինտերպոլն ինքը դադարեցնի Հայաստանի կողմից հայտարարած հետախուզումը, միշտ Հայաստանն է հետ կանչել իր կողմից հայտարարված հետախուզումը: Իմ դեպքում ինտերպոլն ասեց՝ «հո դուք տականք չեք, հաջողություն ձեզ»»,- նշեց նա:

Ինտերպոլի կողմից հետախուզումը դադարեցնելը նշանակում է, որ Վարդան Ղուկասյանը կարող է ազատ տեղաշարժվել աշխարհով մեկ, բայց Հայաստան գալ չի կարող.

«Հայաստան չեմ կարող գալ, որովհետև իրենց համար ես համարվում եմ հանցագործ: Քոչարյանը, Սարգսյանը հանցագործ չեն, ես հանցագործ եմ: Այն մարդիկ, որոնք հայտարարում էին, թե Ղուկասյանը շորթող է, սա ապացույց է, որ նման բան չկա»,- ընդգծեց Վարդան Ղուկասյանը: