ՀՀ–ում արտագաղթի դրդապատճառները մինչև հիմա բավարար չափով ուսումնասիրված չեն։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը' անդրադառնալով մեր երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024–2040 թթ․ ռազմավարությանը։

«Ինչպես ու ինչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի զգալի հատվածի առաջնային խնդիրն է' ոնց անել, որ իր տղան բանակ չգնա»,– հայտարարեց Փաշինյանը։

Հետո, սակայն, Փաշինյանը սկսեց պատմել, որ Եվրոպայում սրճարանում եղել են դեպքեր, երբ մատուցողները հայ են եղել ու երբ հետաքրքրվել է նրանց արտագաղթելու պատաճառների մասին, պարզվել է՝ Հայաստանում ինչ–որ մեկին դուր չի եկել տվյալ անձի սանրվածքը կամ այն, որ նա ականջին օղ է կախել։

«Մենք անընդհատ սփյուռքի ներուժի մասին կենացներ ենք ասում, որ նրանք գան հայրենիք…Բայց ինչի՞ համար գան, ո՞վ Բրյուսելի իր հանդարտ կյանքը կփոխարինի, ասենք, Մովսես գյուղում կրակոցների տակ ապրելու հետ»,– նշեց Փաշինյանը։

Նրա դիտարկմամաբ' ժողովրդագրության հիմքը բարեկեցությունն է, որի մեջ մտնում են առողջապահությունը, կրթությունը, ազատությունը, արդարությունը, կարգուկանոնը, իրավակարգը, ներքին և արտաքին անվտանգությունը։