Այսօր, վաղ առավոտյան ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Կոթի համայնքի ուղղությամբ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կոթիի համայնքապետ Ֆիլիքս Մելիքյանը։
«Այսօրվա կրակոցները սկսել են առավոտյան 7։30-ից՝ 20-25 րոպե տևողությամբ, փոքր-ինչ դադարից հետո նորից սկսել են, այնուհետև դադարեցվել են մեր Զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում։ Մարդկային վնասներ, բարեբախտաբար, չունենք, նյութական վնասների մասին, դեռևս, վերջնական տեղեկություններ չունենք։ Ամեն դեպքում բնակիչների կողմից դեռևս մեզ չեն հայտնել, գուցե օրվա ընթացքում պարզ դառնա»,- նշեց նա։
Անդրադառնալով կրակոցներից հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ զինծառայողին, ում կյանքը հաջողվել է փրկել, համայնքապետը նշեց․ «Զինծառայողը վիրավորվել է նախորդ օրվա կրակոցների հետևանքով։ Նրա վիճակի մասին ավելի հստակ նախարարությունը կասի»,- ասաց համայնքապետը։
Վիրավոր զինծառայողի մասին հայտնեց նաև Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը․ «Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Սոնա Հարությունյան