«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն քառասուն տարուց ավելի է, ինչ հավաքական Արևմուտքի կողմից Իրանի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ: Այս փուլում այն ավելի ակտիվ բնույթ է ստանում: Վերլուծելով Իրանին պատերազմի մեջ ներքաշելու հնարավորության առկայությունը՝ այս մասին նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը: «Այս փուլում Իսրայելը փորձում է ճնշում գործադրել Իրանի աջակցությունը վայելող երկրների, տարածաշրջանային տարբեր ուժերի նկատմամբ: Վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչպիսի հարվածներ են հասցվում Բեյրութին, Սիրիայում որոշակի գործողություններ իրականացվեցին Իսրայելի կողմից, «Հեզբոլլահը» և Իրանը պատասխանեցին դրանց: Սա կանխատեսելի էր, քանի որ Իրանի պես հզոր պետության հետ ուժի լեզվով խոսելը, կարծում եմ, մեղմ ասած, անարդյունավետ է:

Ցանկացած վտանգի դեպքում Իրանը համարժեք պատասխան տալու է: Իրանում նախագահի երդմնակալության արարողության ժամանակ տեղի ունեցած գործողություններից հետո այդ երկիրը բավականին երկար ժամանակ համբերատար ձևով փորձեց դիվանագիտական ճանապարհներով ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել: Բայց, ըստ իրանական կողմի, այդ պայմանավորվածությունները խախտվեցին, և Իրանը պատասխան հարված հասցրեց Իսրայելին, ինչն այս փուլում, իմ գնահատմամբ, հաշիվը մեկ-մեկ է դարձրել: Չեմ կարծում՝ Իսրայելը կգնա էլ ավելի մեծ արկածախնդրության՝ լավ հասկանալով, որ պատասխանն էլ ավելի ուժգին ու կործանարար կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանգասարյանը:

Նշում է՝ խոսակցություններ կան, որ այս անգամ Իսրայելը փորձելու է հարվածներ հասցնել Իրանում գտնվող միջուկային օբյեկտներին: «Չեմ կարծում՝ Իսրայելը նման քայլի կգնա: Իրանն իր քաղաքական հայտարարություններում հստակ ներկայացրել է իր կարմիր գծերը, և չեմ կարծում, որ այդ կարմիր գծերի մեջ շատ էական փոփոխություն լինի: Հնարավորինս պատասխան են տալու, ինչը հանգեցնելու է աղետալի հետևանքների Իսրայելի համար: Բնականաբար, տարածաշրջանում գտնվող բոլոր պետություններն այդ «փոթորկի» մեջ չեն շահելու: Դա մեզ վրա էլ է որոշակի ազդեցություն ունենալու: Ինչ-որ իմաստով պետք է կանխատեսենք նմանօրինակ սցենարներ, փորձենք ճիշտ դիրքավորվել, որ հնարավորինս մեղմենք մեր երկրի վրա հնարավոր ազդեցությունները»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ամրապնդվում է այն տպավորությունը, որ Իրանն ամեն կերպ խուսափում է լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվելուց: «Իրանն աշխարհում մատների վրա հաշված այն քիչ երկրներից է, որը հազարամյակների պետականություն և նույնքան դիվանագիտական փորձ ունի: Չեմ կարծում, որ Իրաննը, առանց հաշվարկելու, առանց լավ ու վատ սցենարները հաշվի առնելու, տաք գլխով որոշումներ կայացնի: Նրանք բոլոր ռիսկերը հաշվարկում են: Այդ է պատճառը նաև, որ բավականին երկար ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե այսօր է հարվածելու Իրանը, վաղն է հարվածելու և այսպես շարունակ: Ընթացքը մի քանի ամիս տևեց, մինչև այդ որոշումը կայացվեց: Հրապարակային հայտարարություններից ֆիքսում ենք, որ Իրանը փորձել է դիվանագիտական ճանապարհով հարցերը կարգավորել, ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել պատասխան հարված չտալու համար, և, ըստ իրանական կողմի հայտարարության, պայմանական հավաքական Արևմուտքի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվել են: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ նույն այդ հավաքական Արևմուտքի կողմից Իրանի այդ հայտարարությունը հերքող հայտարարություն չենք ֆիքսել: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Իրանը փորձել է պահպանել պայմանավորվածությունները, սակայն Իսրայելը խախտել է դրանք, գնացել հակադարձ հարվածների: Սա էլ հանգեցրել է նրան, որ Իրանը մեծ ուժով հարվածներ է հասցրել Իսրայելին՝ օգտագործելով իր զինանոցի որոշակի մասը, իր զինանոցի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տարբեր հրթիռներ»,-հավելում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին Ադրբեջանի ներգրավվածությունը ևս հետաքրքիր է ուսումնասիրել: Մի կողմից՝ կարծիք կա, որ Ադրբեջանը չի համարձակվի հարվածել Իրանին, մյուս կողմից՝ մեր զրուցակցի ավելի վաղ արտահայտած կարծիքի համաձայն, Ադրբեջանը պարտք է Իսրայելին 44-օրյա պատերազմից հետո: «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջան-Իրան «փոխհրաձգություն» էր տեղի ունենում, նույնիսկ դիվանագիտական մակարդակով տարբեր կոշտ հայտարարություններ էին հնչում: Իրանական կողմը տարբեր առիթներով հայտարարում էր՝ հավաստի տեղեկություններ ունի, որ Ադրբեջանում տեղակայված են իսրայելական հատուկ նշանակության որոշակի ստորաբաժանումներ, որոնք առնվազն հետախուզական գործողություններ են իրականացնում Ադրբեջանի տարածքից: Նաև մի ժամանակահատված իրանական մեքենաների հանդեպ «հատուկ» վերաբերմունք էր դրսևորվում, երբ դրանք անցնում էին մեր տարածքով, որն այս փուլում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է:

Վարորդներ ձերբակալվեցին և այլն: Այդ «փոխհրաձգությունը» մեղմվեց, արտգործնախարարների մակարդակով տարբեր հանդիպումներ տեղի ունեցան: Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածությունը պատահական չէր: Իրանը լավ էր հասկանում, որ Ադրբեջանը պարտք ունի վերադարձնելու Իսրայելին, իսկ ամենաարդյունավետ տարբերակն այն է, որ Ադրբեջանը որոշակի պլացդարմ կտրամադրի Իսրայելին՝ հատկապես իրենց օդանավակայանների տեսքով: 44-օրյա պատերազմից հետո առաջին գործը, որն արեց Ադրբեջանը, կարգի բերեց օդանավակայանները և շահագործեց դրանք: Այս ամենը լավ է հասկանում իրանական կողմը, ու որքան էլ Ադրբեջանը փորձում է մանևրել և ցույց տալ, որ իր կողմից վտանգ չկա Իրանի նկատմամբ, սակայն այդ ամենը վստահություն չի ներշնչում իրանական կողմին:

Նրանք հասկանում, գնահատում են ռիսկերը: Այս կոնտեքստում իրանական փորձագիտական դաշտի վերլուծությունը վերջին տարիներին հանգում է հետևյալին՝ իրանական կողմին ստրատեգիական իմաստով ձեռք չէր տալիս արցախյան տարածքների անցումն Ադրբեջանին 44-օրյա պատերազմից հետո: Իրանը հասկանում է, որ այս մարտը պարտվել է ստրատեգիական իմաստով, և այդ է պատճառը, որ այս փուլում Սյունիքի հանդեպ իր դիրքորոշումները կոշտ է հայտարարում, չի ուզում այս մարտը ևս տանուլ տալ: Այս առումով կարևոր է հայկական կողմի դիրքորոշումը, առնվազն այս փուլում մեր և Իրանի պետական շահերի մեծ համընկնում կա, պետք է ճիշտ դիրքավորվենք ու հնարավորինս արդյունավետ աշխատենք, որպեսզի կարողանանք մեր երկրի առջև ծառացած ստրատեգիական հարցերը հնարավորինս անվտանգ և արդյունավետ լուծել»,-հավելում է ռազմական հարցերի փորձագետը:

Հայաստանի շուրջ իրադարձությունների պակաս չկա, իսկ Հայաստանի իշխանությունները համաչա՞փ են արձագանքում առկա վտանգներին: «Համաչափության, իրավիճակի լրջության գիտակցման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք՝ սկսած քարոզչական դաշտից, թե ինչ մեսիջներ են հղվում իշխանություններից: Տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է: Այս իրավիճակում տարբեր երկրներում տարբեր կարևոր միջոցառումներին ընդառաջ կամ դրանցից հետո հեծանիվ ենք քշում. դա, մեղմ ասած, պրոբլեմատիկ է և անլրջության էլեմենտ: Կարևոր ամբիոնները չենք օգտագործում մեր առջև ծառացած խնդիրների բարձրաձայնման համար: Ոչ միայն կառավարությունը, իշխանությունը պետք է այս վտանգի լրջության աստիճանը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր, որպեսզի վտանգի դեպքում առնվազն անակնկալի չգան, ճիշտ կողմնորոշվեն, խուճապի չմատնվեն, իրավիճակն ավելի սթափ գնահատեն, որ կարողանանք ճգնաժամից դուրս գալ:

Շատ կարևոր է, որ մեր հասարակության տարբեր շերտեր վտանգի լրջությունն ու աստիճանը կարողանան գնահատել: Այս ամենը պետք է վերևից գա, բայց, ցավոք, չունենք այդ գիտակցումը: Տարածաշրջանում նախադեպեր են ստեղծվում, որ պետություններն իրար դեմ ոչ թե ցամաքային գործողություն են իրականացնում, այսինքն՝ փորձում են դիրք, բարձունք գրավել և այլն, այլ գործողություններ են իրականացնում բավականին խորքում գտնվող օբյեկտների նկատմամբ: Այս նախադեպերը շատ վտանգավոր են, և պետք է գիտակցենք, որ Ադրբեջանն ինչ-որ գործողություններ անելու համար պարտադիր չէ, որ այս կամ այն դիրքի նկատմամբ դիվերսիոն գործողություն իրականացնի կամ փորձի այդ դիրքը գրավել և այլն, նա կարող է գործողությունների գնալ մեր բնակավայրերի խորքում գտնվող տարբեր օբյեկտների նկատմամբ, իսկ բնակավայրերի թե՛ ղեկավարները, թե՛ բնակիչներն առնվազն պետք է իմանան, թե նման սցենարների դեպքում ինչ գործողություններ պետք է իրականացնեն, որ հնարավորինս մեղմենք հետևանքները»,-եզրափակում է Վիտալի Մանգասարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ