«Փաստ» օրաթերթը գրում է.

–Ուրեմն, մեր Ֆերդինանդին խփել են,– ասաց աղախինը պան Շվեյկին, որը մի քանի տարի առաջ, երբ բժշկական հանձնաժողովը նրան ապուշ էր համարել, թողել էր զինվորական ծառայությունը և այժմ զբաղվում էր շների անճոռնի խառնածիններ վաճառելով, որոնց համար ազնվածնական ցեղագրություններ էր հորինում։

 

Հենց այս պարբերությամբ է սկսվում համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը՝ չեխ գրող Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը: Եթե փորձենք տեղափոխել այս նախադասությունը մերօրյա հայաստանյան իրականություն, ապա կարող ենք սկսել այսպես.

–Ուրեմն, հողերը կրկին հանձնել են:

Չեխ գրողն ուներ չափազանց սուր գրիչ, բայց արի ու տես, որ, այնուամենայնիվ, նրան գերազանցելու ձգտում ունեցողների պակաս մեզ մոտ չի զգացվում: Եթե մենք հետևենք «հողեր հանձնելու» քարոզչության կամ հակաքարոզչության ժամանակագրությանը, ապա կարող ենք տեսնել, որ վերջին 20–25 տարում հողեր հանձնում էին Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իսկ վերջերս էլ հող հանձնողների շարքերը համալրեց Նիկոլ Փաշինյանը: Այստեղ, սակայն, մի շատ փոքր նրբություն կա` որևէ մեկն այդպես էլ հողերը չհանձնեց:

Հասկանալի է, չէ՞, որ այս հանգամանքը այդքան էլ կարևոր ու էական չէ, առավել կարևոր է խոսել հողեր հանձնելու մասին, գոռալ, զայրանալ, դավաճաններ փնտրել, երբեմն` գտնել, պատիժներ սահմանել ու այս ամենը կոչերով, պաթոսով, կեղծ անհանգստությամբ, կեղծ մտահոգությամբ, իսկ որ ոչ մեկն այդպես էլ հող չի հանձնում, դա արդեն երկրորդական է: Այս իրավիճակն, անշուշտ, զավեշտալի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր: 

 

Վերջին 20–25 տարում Հայաստանի բոլոր իշխանությունների ու ղեկավարների դեմ հակաքարոզչության առանցքներից մեկը եղել է «հողեր հանձնելը»: Նույնիսկ կարևոր էլ չէ, թե ինչ հողեր, ինչպես հանձնել, ինչի դիմաց հանձնել, ում հանձնել, կարևորը միայն գնահատականն է` հողեր հանձնող: Սա չափազանց տխուր պատկեր է, որը վկայում է միայն այն մասին, թե ինչքան սնանկ է եղել մեր հասարակական–քաղաքական դաշտը, ինչքան պարապ ու ինչքան ամուլ, որովհետև 20–25 տարում այդպես էլ, նույնիսկ քննադատության համար, գաղափարական առանցքներ չձևավորվեցին, և բոլորի հույսը մնաց բազմիցս չարչրկված ու ծեծված հողեր հանձնելու քննախոսությունը կամ, գուցե ավելի ճիշտ կլինի ասել, զազրախոսությունը: Ի դեպ, կարելի է և ուշադրություն չդարձնել հողեր հանձնելու հերթական ճիչ ու գոռոցին, սակայն մյուս կողմից սա որոշակի մտածողության արդյունք է, իռացիոնալ մտածողության, որովհետև Հայաստանի ոչ մի ղեկավար, ոչ մի պաշտոնյա միանձնյա չի կարող որոշել հող հանձնել, նվիրել կամ փոխանակել: Նման թեմաներ կարող են քննարկվել բանակցային սեղաններում, դիվանագիտական շփումներում, սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ անգամ մեծ ցանկության դեպքում հողերը հենց այնպես չեն հանձնվում: Ոչ պակաս տխուր է, որ հող հանձնելուն զուգահեռ անուղղակի, իսկ երբեմն էլ ուղղակի փորձեր են արվում արհեստականորեն ստեղծել լարվածություն հայկական երկու պետությունների միջև, բնականաբար սա էլ կառուցվում է հող հանձնելու թեմայի վրա, որովհետև «հողեր հանձնելը» ցանկացած իշխանության համար մահացու մեղադրանք է, դրանից այնկողմ վերջանում է ցանկացած տեսակի քննադատություն: Իսկ քանի որ որևէ մեկը չի պատրաստվում հող հանձնել, որովհետև չի էլ կարող հանձնել, ապա արդյունքում ստացվում է այնպես, որ գոյություն չունեցող խնդրի շուրջ առաջանում է շատ տեսանելի աղմուկ–աղաղակ, հիստերիա, մեղադրանքների շարան, վհուկների որս, որը կարճ ժամանակ անց կրկին հանդարտվում է, քանի որ ոչ մի բանի մասին էր: 

Վերջապես «հողեր հանձնելու» իռացիոնալ մեղադրանքը փակում է կառուցողական քննադատության բոլոր ճանապարհները, քանի որ եթե առկա իշխանությունը «հող հանձնող» է, ապա նա պետք է հեռանա և վերջ, այլ տարբերակ կարծես թե բացառվում է, իսկ սա նշանակում է, որ հողեր հանձնելու չափումներից դուրս մնացած ամեն ինչն անէական է: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ գործ ունենք ոչ թե քննադատության, այլ սովորական մառազմի հետ, որովհետև, նորից ենք կրկնում, որևէ մեկն այսօր չի կարող որևէ հող հանձնել: Եզրափակելով` ընդամենը պետք է նշել` հերիք է, այլ բան մտածեք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում