«Հրապարակ» թերթը գրում է.
ՔՊ մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում կուսակցության վերահսկող հանձնաժողովն Աղազարյանին հնարավոր է կանչի բացատրության' Քյարամյանի սկանդալային «բացահայտման» հետ կապված։ Հիշեցնենք․ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարն աղմկահարույց հայտարարություն արեց. «Պարոն Աղազարյան, խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն 2 անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները ․․․ վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»:
ՔԿ նախագահը, ըստ էության, ջրի երես հանեց իշխանության կեղտոտ սպիտակեղենը՝ հովանավորչության, գործեր սարքելու, գործեր ջրելու մասով։ Քյարամյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր' քրեական վարույթին միջամտելու մասին։ Չնայած Հովիկ Աղազարյանը հենց նիստերի դահլիճում Քյարամյանից պահանջում էր անուններ տալ, թե ովքեր են դիմել, սակայն ՔԿ ղեկավարն անուն չտվեց։ Կուսակցության վերստուգող մարմինը հենց այդ հարցերն է պարզելու նրանից՝ արդյոք եղե՞լ է միջամտություն, ովքե՞ր են Քյարամյանին դիմել։ Աղազարյանը նեղ շրջապատում վստահեցրել է, որ ինքը տղաների հարցով որեւէ մեկին չի դիմել, պահանջելու է, որ Քյարամյանից պարզեն, թե ովքեր են նրան դիմել։ Ի դեպ, ՔՊ-ում վստահ են, որ Քյարամյանի օրերը հաշված են, եթե Փաշինյանը չազատի էլ, նրա «բեսպրեդել» պահվածքի ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու։ Խմբակցությունում չեն շտապում' սպասում են Փաշինյանի քայլին, հակառակ դեպքում մի ստորագրահավաք էլ Քյարամյանի հարցով կսկսեն։ Երեկ արդեն Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նրա պահվածքը քննարկելու են: Ուշագրավ է, որ միջադեպին ներկա էր անձամբ գլխավոր դատախազը, որը պարտավոր է ընթացք տալ առերեւույթ հանցանք պարունակող հայտարարություններին։