«Այբ» կրթական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Այբ» կրթական հիմնադրամը 2021 թվականի հունվարի 26-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս իր նկատմամբ շարունակվող փաստացի հետապնդումների վերաբերյալ։ Փետրվարի 1-ին շուրջ 100 էջանոց հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։
Հաղորդման համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններն ու որոշ գործողություններ, որոնց պատճառով, ի թիվս պետությանը հասցված վնասների, կասեցվել է նաև պետության և մի շարք բարերարների համատեղ ներդրումով ու ջանքերով ստեղծված Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի շրջանակում ավագ դպրոցներում պետք է ներդրվեր «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։ ՀՀ և Արցախի մի շարք դպրոցների սովորողներ զրկվեցին իրենց լեգիտիմ իրավունքից՝ այս ծրագրի միջոցով իրենց իսկ երկրում հայալեզու որակյալ անվճար կրթություն ստանալու, ոըը նրանց կապահովեր աշխարհի լավագույն բուհերի կողմից ճանաչվող դիպլոմով, որի օգնությամբ հայ երեխաները ոչ միայն կստանային որակյալ կրթություն, այլև առանց լրացուցիչ ջանքերի կարող էին սովորել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում։
Տեղեկացնենք նաև, որ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ «Այբ» կրթական հիմնադրամի՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած երկու հայցադիմումները վարույթ են ընդունվել, դատական նիստերը նշանակվել է 2021 թվականի հունիսի 11-ին։ Այս հանգամանքի վերաբերյալ գրությունը նույնպես ուղարկվել է գլխավոր դատախազին։
Մենք ապահովելու ենք առավելագույն թափանցիկություն, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այս դատական գործընթացներից»։