Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի միջադեպին է անդրադարձել ամերիկյան The New York Times պարբերականը: Պարբերականը հոդվածը վերնագրել է «Հետագա լարվածություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածքների շուրջ»:

 

«Ադրբեջանական ուժերի կողմից ԼՂՀ ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք հայ զինվորների հոգեհանգստյան արարողությունը անցկացվել է երկուշաբթի օրը ՀՀ տարածքում»,- գրում է The NYT-ն:

 

Հոդվածում մեջբերվել են և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկություններն ուղղաթիռի խոցման վերաբերյալ.

 

«Հայ պաշտոնյաները նշել են, որ ՄԻ-24 ուղղաթիռն ուսումնավարժական առաքելություն էր իրականացնում, երբ նոյեմբերի 12-ին խոցվել էր երկու կողմի՝ գրեթե շփման գծում: Ադրբեջանը հայտարարել է, որ ուղղաթիռը «գրոհային զորավարժություններ է իրականացրել» ադրբեջանական դիրքերի նկատմամբ»,- նշված է հոդվածում:

 

Պարբերականը գրում է նաև, որ ամռանը հրադադարի խախտման արդյունքում ավելի քան 20 զինվոր է մահացել: Դա հանգեցրեց ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սոչիում օգոստոսին և Փարիզում հոկտեմբերի վերջին կայացած հանդիպումներին: Նշվում է, որ այդ հանդիպումները բեկման չեն հանգեցրել:

 

«ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ անձնակազմի երեք անդամները պարգևատրվել են արիության մեդալներով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նրանց հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում»,- հոդվածը եզրափակել է The New York Times-ը: