Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Հրազդան գետի վրա կառուցված կամրջի մոտ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մեկինն էլ՝ կայուն ծանր:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: