Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր վրդովմունքը հայտնեց «Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ, ով՝ որպես քաղբանտարկյալների պաշտպան անարգել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը՝ գովաբանելով դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ով, ինչպես Ռուբեն Մելիքյանն է ասում, Արմեն Գրիգորյանին ուղարկել է զնդան: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նա ասաց, որ չի անդրադառնա Էրիկ Ալեքսանյանին, նրա հետ կապված ավելացնելու բան չունի:
Ինչ վերաբերում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ապա նա վստահ է, որ նա քաղաքական պատվեր է կատարել թե′ Արմեն Գրիգորյանի, թե′ Միկա Բադալյանի հարցում՝ նախ կալանքի ժամկետը երկարեցնելու, հետո՝ մի քանի օր անց, ազատ արձակելու:
«Արուսյակ Ալեքսանյանի հետ կապված խնդիրը միայն Արմեն Գրիգորյանին չի վերաբերվում: Նա կալանքի որոշում է կայացրել մի շարք քաղբանտարկյալների վերաբերյալ, այդ թվում՝ Իգոր Խաչատուրովի, Մամիկոն Ասլանյանի, Ավետիք Չալաբյանի, իր գործընկեր Բորիս Բախշյանի՝ ակնհայտ ապօրինի կալանքով, որը նույնպես կարելի է քաղաքական համարել (ոչ այն պատճառով, որ Բորիս Բախշյանը քաղաքական գործիչ է, այլ նաև այն, որ Բորիս Բախշյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը կրել է քաղաքական նպատակ): Այսինքն՝ Արուսյակ Ալեքսանյանը վերջին շրջանում իրավամբ վաստակել է քաղաքական հետապնդումների ակտիվ մասնակցի համբավ ու շատ զարմանալի և տարօրինակ ձևով, որովհետև նրան ճանաչողները, այդ թվում՝ նաև ես, նրանից նման բան չէի սպասում՝ հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, ինչպես, օրինակ, սկզբունքայնությունը»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ Արմեն Գրիգորյանի ողբերգական մահից հետո իշխանությունները առաջին հերթին մեծ խնդրի առջև կանգնեցին, առողջական խնդիրներ ունեցող քաղբանտարկյալների հետ կապված՝ փոխեցին իրենց դիրքորոշումը:
«Երկրորդ՝ չմոռանանք, որ Միկա Բադալյանի հարցում կար նաև այլ գործոն, այն, որ նա, ինչպես և Արմեն Գրիգորյանը, նաև ՌԴ քաղաքացի է, կարծում եմ՝ Ռուսաստանի գործոնը ևս կար: Ես մի հակառակ օրինակ բերեմ. Արմեն Գրիգորյանի նույն հոդվածով, բայց այլ գործով, այս պահին քրեական գործ կա մեկ այլ անձի՝ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ, ով «սորոսական» շրջանակներից է: Ամերիկյան հովանավորության ներքո այդ անձը որևէ րոպե անազատության մեջ չի պահվել, ավելին՝ ԱՄՆ դեսպանը վերջերս հանդիպել էր նրա հետ, խոսել խոսքի ազատության մասին ու նշել, որ չի կարելի խոսք ասելու համար մարդու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել: Այս պարագայում, երբ մեկ քաղբանտարկյալ, որը ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի քաղաքացի էր, այսպիսի ողբերգական մահ է ունենում, ես կարծում եմ, որ այդ պետությունը, որի քաղաքացի է հանդիսանում անձը, հնարավոր է նաև որոշակի հարցադրում է արել. մեկը՝ այսպիսի ողբերգական մահ, մյուսն էլ՝ ծանր առողջական վիճակում:
Ես չեմ բացառում, որ այս որոշման մեջ Արուսյակ Ալեքսանյանը որևէ դեր չի ունեցել, բայց նաև չեմ բացառում, որ ունեցել է, չեմ բացառում նաև, որ նա իսկապես փորձել է ինչ-որ դրական որոշում կայացնել: Մյուս կողմից էլ՝ երկրորդ մոտեցման դեմ է խոսում այն, որ Միկա Բադալյանը ոչ թե պարզապես ազատ արձակվեց, այլ 6 մլն դրամ փրկագին սահմանվեց, իսկ եթե նա փրկագին չունենա՞ր, շարունակելո՞ւ էր այդ ծանր առողջական վիճակով մնալ կալանքի տակ»,-ավելացրեց նա:
Նա խոսքով՝ Արմեն Գրիգորյանի գործով իրենք երբեք առողջության հետ կապված փաստարկ չեն ներկայացրել, որովհետև այնպիսի խնդիր չէր եղել, որը կալանքի հետ համատեղելիության հարց առաջացներ:
«Հիշո՞ւմ եք, թե ինչ բարձր տրամադրությամբ էր Արմեն Գրիգորյանը ներկայանում, նա մեզ արգելում էր իր առողջական վիճակի մասին խոսել, չէր ցանկանում, որ որևէ մեկի մտքով անցներ, թե ինքը իր առողջական վիճակը մեջբերելով՝ փորձում է իրեն ազատել պատասխանատվությունից»,-ասաց նա:
Ռ. Մելիքյանի խոսքով՝ Արմեն Գրիգորյանի հարցում սլաքները պետք է ուղղել այն ուղղությամբ, թե ով է պատվեր տվել, որ նրան ձերբակալեն, կալանավորեն, հետո փակեն նրա շփումները ընկերների և հարազատների հետ՝ թույլ տալով միայն երկու հարազատի հետ շփում, որը, բնականաբար, սթրեսային վիճակ էր առաջացնում, դրան էլ գումարած այն, որ նա առաջին անգամ էր կյանքում նման իրավիճակում հայտնվել:
«Արմեն Գրիգորյանի հարցում ես մեղավոր եմ համարում պատվեր տվողներին և պատվեր կատարողներին, մասնավորապես՝ քննիչ, դատախազ, առաջին ատյանի դատարանի դատավոր և վերաքննիչ դատարանի դատավոր»,-եզրափակեց նա: