Մոսկվայում ձերբակալված hայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը պետական ռեկետ է գործարարին սնանկացնելու համար: Նման կարծիք հայտնեց իրավաբան Արթուր Սաֆարյանը, ով այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և գործի կապակցությամբ խորհրդակցում է Հայրապետյանի փաստաբանների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 22-ին` ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի հրավիրված ասուլիսի ժամանակ Սաֆարյանը հեռախոսով հայտնեց, որ Հայրապետյանն այժմ գտնվում է «Մատրոսսկայա տիշինա» բանտի երրորդ հարկում, նրա առողջական վիճակը լավ չէ: «Հիմա Ռուբեն Մարգարյանի փոխարեն այլ փաստաբանական խումբ է աշխատում գործով: Միջնորդություն են ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան, որ կալանքը որպես խափանման միջոց փոխվի տնային կալանքի, բայց քիչ հավանական է, որ դա տեղի ունենա»,-ասաց ն ա' հավելելով, որ, իր կարծիքով, Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական և տնտեսական պատվեր է' «Բաշնեֆթ»-ի բաժնետոմսերը նրանից խլելու համար:
Նման դիրքորոշում հայտնեց նաև Արցախյան ազատամարտի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: «Տեղի ունեցածը մի անսպասելի իրադարձություն էր: Ցանկացած իրադարձություն նախօրոք պլանավորվում է և ունենում է հեղինակներ ու կատարողներ: Ադրբեջանի հատուկ ուժերը երկար ժամանակ հետևում էին Լևոն Հայրապետյանին: Նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն: Ռազմական խնդիրը կայանում է նրանում, որ նա ֆինանսապես աջակցում է արցախյան բանակը, երկրորդ'նրանք ապատեղեկատվույուն են տարածում, իբր, Հայրապետյանը սեփական բանակ է ստեղծում' ի նկատի ունենալով ռազմական ուսումնարանը, որի կառուցմանը ես ևս օժանդակել եմ»,- ասաց Տեր-Թադևոսյանը:
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Հայրապետյանի ձերբակալությունը համարում է թյուրիմացություն: «Ոչ մեկի համար դա սպասելի չէր, մենք բոլորս շատ լավ ճանաչում ենք Լևոնին: Նա իր ողջ գործունեության ընացքում ամեն կերպ աջակցել է հայ-ռուսական դաշինքի ամրապնդմանը և Արցախի զարգացմանը, հսկայական ներդրումներ կատարել: Այսօր մենք պետք է խնդրենք պատկան մարմիններին, հաշվի առնելով նրա գործունեությունը և առողջական վիճակը, փոխել խափանման միջոցը: Սա պարզապես թյուրիմացույուն է, որևէ քաղաքական ենթատեքստ ես այստեղ չեմ տեսնում»,- ասաց նա:
Հուլիսի 15-ին ՌԴ անվտանգության ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին, ով մեծ ավանդ ունի Լեռնային Ղարաբաղում տնտեսության զարգացման և բանակաշինության գործում: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին:
Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:
Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է ձերբակալության որոշումը: Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ, հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: