ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբի
Հայտարարությունը
Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը և նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:
Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով և ձեռնպահ ենք մնում նաև քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լևոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաև Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրև օրինապաշտ քաղաքացի և բարձրակիրթ անձնավորություն, Լևոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը և օգտակար կլինի' պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:
Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն և համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ և համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լևոն Հայրապետյանի անմեղությունը:
ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Դաշնակցություն»
«Ժողովրդավարություն»
«Հայրենիք» խմբակցություններ և
«Արցախատուն» պատգամավորական խումբ
22 հուլիսի, 2014թ.
ք.Ստեփանակերտ