Օգոստոսի 29-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչների ժողովը։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ միջոցառումը մեկնարկել է Հայ Առաքելական և Ռուսական ուղղափառ եկեղեցու հոգեւոր հայրերի օրհնությամբ ու գոտեպնդող խոսքով։
Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովն իր խոսքում նշել է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր ծանր վիճակում է հայտնվել եւ միայն արցախցիներին բնորոշ ոգու ուժն ու տոկունությունը թույլ են տալիս պատվով հաղթահարել այս ամիսների փորձությունները։
«Բնականաբար, մենք հիշում ենք, որ մեր պապերի ու հայրերի համար նույնպես հեշտ չի եղել, քանի որ ղարաբաղյան սուրբ հողի ողջ պատմությունը ազատության, կյանքի, նախնիների հողում ապրելու իրավունքի պայքար է»։ Ռուսական համայնքի ղեկավարը պատմական անդրադարձ է կատարել հայ-ռուսական հարաբերություններին՝ այդ համատեքստում նաեւ Արցախում ռուսական ներկայության պատմությանը։ Ալ. Բորդովի խոսքով՝ հարյուրամյակների ընթացքում հայերն ու ռուսները ստեղծել են հոգևոր կապեր, ինչը հուշում է ամուր դաշնակցային հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության մասին՝ հանուն երկու ժողովուրդների, երկրների ու հավատի։
Ըստ բանախոսի' ներկայում բարդ, փաստացի ճգնաժամային իրավիճակում են հայտնվել ինչպես Արցախի ժողովուրդը, այնպես էլ ռուս խաղաղապահները։
«Միանշանակ է, որ այսօր մենք պետք է բարիկադների նույն կողմում լինենք»,- համոզմունք է հայտնել ռուսական համայնքի նախագահը։
«Մենք, միանշանակ, Ադրբեջանի բնակչության դեմ ոչինչ չունենք, սակայն դեմ ենք արդեն 206 օր շարունակվող շրջափակմանն ու ղարաբաղյան հողում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացրածին, ընդ որում Եռակողմ հայտարարությանը հակառակ։ Այս ամենը, ինչպես նաև պատմական հիշողությունը Սումգայիթում, Բաքվում, Լեռնային Ղարաբաղում ողբերգական այն իրադարձությունների վերաբերյալ, երբ հայ բնակչության նկատմամբ իրականացվել են դաժան հանցագործություններ, թելադրում են Ադրբեջանի կազմում լինելու ու ստեղծված իրավիճակում համատեղ ապրելու անհնարինության մասին. չափազանց ծանր են կորուստների վերքերը»,-հավելել է Ալ. Բորդովը' հորդորելով ամբողջ ուժերով լծվել անվտանգ ու բարգավաճ Արցախ ունենալու գործին։
Այնուհետեւ ռուսական համայնքի ներկայացուցիչներն իրենց խոսքում կարեւորել են հայ-ռուսական բարեկամությունը' անդրադառնալով նաեւ շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակից ելքերին ու հնարավորություններին: