Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում կետերով ներկայացրել է, թե Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների համար որոնք են ուղենիշային անսակարկելի ճշմարտությունները.
Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների համար կան ուղենիշային անսակարկելի ճշմարտություններ, մասնավորապես՝
1. Արցախի ապագային առնչվող վճռորոշ հարցերը պետք է որոշվեն առաջնահերթորեն Արցախի հայության կողմից, որտեղ ողջ հայ ժողովրդի դերակատարությունը ևս կարևոր է՝ հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը հայ ազգի ու Մայր Հայաստանի համար.
2. Ադրբեջանա-արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ իրացման ու ճանաչման հիմքով՝ նպատակ ունենալով հասնել անկախության միջազգային ճանաչման.
3. Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի և անհնար է, քանի որ՝
• Արցախը պատմականորեն բացառապես հայ ժողովրդի հայրենիքն է և պատմության զեղծարարությամբ ադրբեջանցիները չեն կարող յուրացնել մեր հայրենիքը,
• Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է ազատ ու անկախ պետականություն ունենալու օգտին և մենք ենք մեր ճակատագրի որոշողները,
• Դարավոր թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ և հատկապես վերջին տասնամյակների շարունակական ու ահագնացող հայատյացության քաղաքականությունը պարզապես գոյաբանական առումով բացառում են Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում.
4. Մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն, իսկ տեղահանված քաղաքացիները՝ վերադառնան հայրենի տներ.
5. Արցախն ու Մայր Հայաստանը պետք է ուղիղ, հուսալի ու ինքնիշխան ցամաքային կապ ունենան միմյանց հետ.
6. Մենք պատրաստ ենք պահպանելու և պաշտպանելու ծանր զոհողությունների գնով ձեռքբերված մեր արժեքները՝ պետականությունը, ազգային արժանապատվությունը և սեփական հայրենիքում ապրելու ու արարելու ազատությունը.
7. Մենք նախընտրում և պատրաստ ենք նաև տարածաշրջանի խաղաղ ու կայուն զարգացմանը՝ բոլոր ժողովուրդների ու պետությունների իրավունքների ու արժանապատվության հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքների հիման վրա: