Այսօր Սահմանադրական դատարանը մերժեց մամուլի ազգային ակումբի նախագահ, անկուսակցական Նարինե Մկրտչյանի դիմումը, ով նաև հայտարարել էր նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին:
Իր դիմումով վերջինս վիճարկում էր ընտրագրավի սահմանադրականության հարցը։
«1996-ից ի վեր Սահմանադրական դատարանը քաղաքական պատվեր է կատարել, չի առաջնորդվել հանրային շահով, չի իրականացրել սահմանադրական արդարադատություն և այս որոշումը տեղավորվում է հենց այս համատեքստում»,-Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինե Մկրտչյանը:
Վերջինիս խոսքով' երբ դատաքննությունը սկսվել է, գործով զեկուցողներն անգամ տեղյակ չեն եղել' ինչ փաստաթղթեր էին ներկայացված. «գործից անտեղյակ էին, զարմացած իրար էին նայում, ուղղակի Գագիկ Հարությունյանը իրավիճակը փրկեց' ասաց' գնանք խորհրդակցական սենյակ, սա ակնհայտ քաղաքական պատվեր էր»,-պատմում է Նարինե Մկրտչյանը և կարծիք հայտնում, որ Հայաստանը բռնել է հեղափոխության ճանապարհը, ընտրությունների միջոցով իշխանափոխություն լինել չի կարող, և պետք է գնանք այդ ճանապարհով:
Նշենք, որ ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: