ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Փսակին հանդես է եկել Ադրբեջանում իրավապաշտպան եւ լրագրող Իլգար Նասիբովին գազանային ծեծի ենթարկելու առնչությամբ հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է. «Մենք դատապարտում ենք Նախիջեւանում հայտնի քաղաքացիական ակտիվիստ, «Դեմոկրատիայի պաշտպանության կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության աշխատակից Իլգար Նասիբովին ծեծի ենթարկելու դեպքը, ով ծանր վիճակում հոսպիտալացվել է: Մենք հանդես ենք գալիս արագ, ամբողջական եւ թափանցիկ հետաքննություն անցկացնելու եւ հարձակվողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օգտին: Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ձեռնարկել անհապաղ քայլեր' արտահայտվելու, հավաքների եւ միավորումների հիմնարար ազատությունները պաշտպանելու համար»:
Նախիջեւանում մի խումբ անհայտ անձինք օգոստոսի 21-ին մոտ ժամը 21-ին փողոցում հարձակվել են Իլգար Նասիբովի վրա, մահացու ծեծի ենթարկել նրան եւ նետել»Դեմոկրատիայի պաշտպանության կենտրոն» գրասենյակ' ջարդելով այնտեղ ամեն ինչ: Նասիբովը կորցրել է հիշողությունը եւ ներկայում գտնվում է Նախիջեւանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
«Ես կակածում եմ Նախիջեւանի ազգային անվտանգության նախարարության վրա: Նախարարության աշխատակիցները բազմիցս սպառնացել են մեզ: Դա անում են մեր լրագրողական գործունեության պատճառով», -ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքին հայտնել է Նասիբովի կինը' Մալահաթ Նասիբովան, ով Նախիջեւանում «Աջակցություն ժողովրդավարությանը ռեսուրսային կենտրոնի» ղեկավարն է:
Նա նաեւ հայտնել է, որ մոտ 1,5 ամիս առաջ անհայտ անձը ավտոմեքենան քշել է Իլգար Նասիբովի վրա եւ վնասվածքներ պատճառել:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ օգոստոսի 6-ին անհայտ անձինք փորձել են ներխուժել Նասիբովների բնակարան: Նրանք փորձել են ջարդել բնակարանի դռան կողպեքը, բայց չեն կարողացել: Մալահաթ Նասիբովան նշել է, որ այդ միջադեպի համար եւս կասկածում է անվտանգության աշխատակիցներին:
Նասիբովները տեղի իշխանությանը քննադատաելու եւ քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար նախկինում եւս նման ճնշումների են ենթարկվել: Մալահաթ Նասիբովան Ռաֆտոյի անվան հեղինակավոր միջազգային պարգեւի (Նորվեգիա) դափնեկիր է:
Նախիջեւանի իրավապահ մարմինները հրաժարվում են քրեական գործ հարուցել իրավապաշտպանի գազանային ծեծի ենթարկվելու փաստով:
Ադրբեջանցի իրավապաշտպանին մահացու ծեծի ենթարկելու փաստը դատապարտել են նաեւ «Մարդու իրավունքների տների հիմնադրամ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, Նորվեգական Հելսինկյան կոմիտեն, Ռաֆտո հիմնադրամը, Front Line Defenders, People in Need, Human Rights Watch, ARTICLE 19 եւ «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունները: Համատեղ արված հայտարարության մեջ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անհապաղ դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա ճնշումները: