Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում ունեցած ելույթում դատապարտել է Ադրբեջանում իշխանությունների կողմից հասարակական ակտիվիստների հետապնդումները:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամբողջ ելույթը հատկացնելով Եվրոպայում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի հարցին, Անն Բրասերը իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների հալածանքների, հետապնդումների, ճնշումների եւ վախեցնելու փաստերի մեջ հիշատակել է 2014 թվականին Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր, ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիին, որը մինչ այժմ գտնվում է Բաքվի բանտում:

 

 

Մամեդլիին անվանելով քաղաքական բանտարկյալ, Բրասերը ցավ է հայտնել, որ Ադրբեջան կատարած այցի ժամանակ իշխանություններն իրեն թույլ չեն տվել հանդիպել նրան:

 

 

«Ադրբեջանում իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներն ու շարունակական վատացումը վկայում են այդ երկրի իշխանությունների կողմից Եվրոպայի Խորհրդի հիմնարար արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին, ինչն անթույլատրելի է: Լեյլա եւ Արիֆ Յունուսների, Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ վերջին դատավճիռները խիստ անհանգստացնում են մեզ: Վաղուց եկել է ժամանակը, որպեսզի Ադրբեջանն արմատապես փոխի մարդու իրավունքի նկատմամբ իր վերաբերմունքը, վերացնի իրավական համակարգում խնդիրները եւ հարգի ԶԼՄ-ների, հավաքների եւ միավորումների ազատությունը», ընդգծել է նա:

 

 

Անդրադառնալով նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին' Բրասերը նշել է, որ Բաքվի կողմից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ անհրաժեշտ թվով դիտորդներ ընդունելուց հրաժարվելը «թույլ չի տա եզրակացություն կատարել Եվրոպայի Խորհրդի չափանիշներին այդ ընտրությունների համապատասխանության եւ այդ կազմակերպության առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մասին»: