Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը:
«ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանը ս.թ. փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, զինվորական ծառայության հետ որեւէ առնչություն չունեցող, առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ գտնվող Կարեն Ղազարյանին որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ ներկայացնելն ակնհայտորեն ուղղված է եղել նրան ազգային պատկանելության հիմքով քրեական հետապնդման ենթարկելու և արդյունքում տևական ժամանակով ազատազրկման դատապարտելու նպատակով արհեստական հիմքերի ստեղծմանը:
Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը Ադրբեջանում մարդու իրավունքների բիրտ ոտնահարման հերթական դրսևորումն է, որն ամբողջովին համահունչ է այդ երկրի իշխանությունների որդեգրած աղաղակող ստի և կեղծիքի տրամաբանությանը։ Առանց ապացույցների կամ դրանց ակնհայտ կեղծմամբ Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված անհիմն քրեական հետապնդումը և հետագա դատապարտումը վկայում են վերջինիս՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրիչների ակնհայտ խախտումների մասին: Ընդ որում, նման իրավիճակը վկայում է նաև Կարեն Ղազարյանի նկատմամբ՝ նրա ազգային պատկանելության հիման վրա իրականացվող անհիմն քրեական հետապնդման, հետևաբար նաև՝ խտրականության արգելքի խախտման մասին:
Մարդու իրավունքների նման ակներև խախտումների փաստը լուրջ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ հանրությանը՝ ձեռնարկելու համար հնարավոր բոլոր միջոցները՝ Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության համար:
Նախկինում Ադրբեջանում հայտնված ազգությամբ հայերի նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքը և այդ անձանց հետագա ճակատագիրը ստիպում է էլ ավելի հետամուտ լինել Կարեն Ղազարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև այլ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքների և վարվելակերպի տարրական պայմանների պահպանմանը: Այս առումով ակնկալվում է ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային, տարածաշրջանային և ունիվերսալ այլ մարմինների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը` Կարեն Ղազարյանի անվտանգությունը և իրավունքներն ապահովելու նպատակով: ԵԽ-ի և ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանի՝ նման հայատյացությամբ և ռասիզմով համեմված վարքագիծը լկտի ցինիզմի դրսևորում է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների և ողջ միջազգային հանրության հանդեպ, որը պետք է համահունչ արձագանքի արժանանա միջազգային հանրության կողմից:
Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշպանության բոլոր միջազգային միջկառավարական և ոչ կառավարական կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում հաստատակամորեն հետամուտ լինել Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանը:
Միևնույն ժամանակ, Հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ կայացված դատավճիռը սահմանափակում է Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված քաղաքացիական անձանց և զինծառայողներին միմյանց արտահանձնելու քաղաքական հանձնառության տեսական հնարավորությունը»:
ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ:Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ դիմել էր ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված էր Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ: Այն ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանը, որևէ առնչություն չունի բանակի հետ և հոգեկան խնդիրներ ունի: 2018 թվականի հուլիսին ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում»,-պարզաբանել էր նաև ոստիկանությունը: