Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելլա Կիրյակիդիսը։ Նա Կիպրոսի պատվիրակության ղեկավարն է, ում թեկնածությունը պաշտպանում էր նաև հայկական պատվիրակությունը:
«Չեմ կարծում, որ այս ընտրությունից Հայաստանը շահելու կամ տուժելու բան ունի: Հայաստանն ունի հարաբերություններ ԵԽԽՎ-ի հետ, որոնք կարծես թե կառուցողական հունի մեջ են: Դրանից Հայաստանն օգտվում է և դրա արդյունքում բարելավվում է Հայաստանի օրենսդրությունը, ժողովրդավարությունը զարգանալու ավելի մեծ հնարավորություններ է ստանում: Բացի այդ՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ՝ հանձինս ԵԽԽվ-ի հետ հարաբերությունների, հնարավորություն է ստանում դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները»,- խոսելով ԵԽԽՎ նորընտիր նախագահի մասին՝ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ընդգծելով, որ շատ բան կախված չէ նրանից, թե ով կլինի ԵԽԽՎ-ի ղեկավարը։
Թե ինչո՞վ էր նախընտրելի մեզ համար Կիրյակիդիսը, արդյո՞ք նախկինում նա հանդես է եկել պրոհայկական դիրքորոշումներով, Մեհրաբյանը նկատեց՝ համակրանքն ու հակակրանքն այստեղ քիչ դեր ունեն․ «Շատ կարևոր է, որ այդ անձինք կոռումպացված չլինեն, ինչպես, օրինակ, Ագրամունտի դեպքում էր: Պետք է նշեմ, որ ադրբեջանական և ռուսական կոռուպցիաները գործում են կողք-կողքի: Բաքվի սև խավիարի սիրահարները նույն պրոռուսական շրջանակներն են և հակառակը:
Սակայն հիմքեր չունեմ լիտվացի թեկնածուին ադրբեջանամետ համարելու, դրա հիմքը կարող է լինել կոռումպացվածությունը, իսկ վերջինս՝ համենայնդեպս հիմքեր չի տվել կասկածելու, որ կոռումպացված է»:
Քաղաքագետն այստեղ ընդհանուր վտանգավոր միտում է տեսնում. «ԵԽԽՎ-ում լայնորեն ներկայացված են շրջանակներ, որոնք շահագրգռված են, որ Ռուսաստանը վերադառնա ԵԽԽՎ: Սա նսեմացնում է այդ մարմինը, որովհետև այն պատճառները, որով Ռուսատանին վռնդել են այդ կազմակերպությունից, դրանք ոչնչով վերացված չեն, հետևապես, նրանց վերադառնալու նպատակահարմարությունը չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է էլ ավելի խիստ լինել Ռուսաստանի նկատմամբ, քանի որ ռուսները միայն այդ լեզուն են հասկանում: