Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքը և Ֆլորին Պրեդան Ադրբեջան կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 15-ին այցելել են «Թուրան» լրատվական գործակալություն:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԵԽԽՎ համազեկուցողները «Թուրանի» գրասենյակում հանդիպում են ունեցել գործակալության տնօրեն Մեհման Ալիևի հետ, ով կարճատև ձերբակալությունից հետո ազատ է արձակվել սեպտեմբերի 11-ին:
Համազեկուցողներից Ստեփան Շեննաքը զրույցի ժամանակ անդրադարձել է գործակալության` Ադրբեջանի հարկերի նախարարության հետ ունեցած խնդիրներին:
«Մենք նախարարության կողմից գործակալության դեմ սկսված հետաքննության առաջին իսկ օրերից աջակցությունն ենք հայտնել «Թուրան»-ին, որը համարում ենք Ադրբեջանում տեղեկատվության և լրատվության վստահելի և անկախ աղբյուր»,- ասել է համազեկուցող Շեննաքը:
Համազեկուցողները և Մեհման Ալիևը զրույցի ժամանակ քննարկել են Ադրբեջանում լրատվական դաշտի իրավիճակի, քաղաքացիական հասարակության և «Թուրան» գործակալության հեռանկարների և զարգացման հետ կապված մի շարք հարցեր: