ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին միաձայն ընդունել է հայտարարություն, որով խստորեն դատապարտել է Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների ղեկավարների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների վերջին ձերբակալությունները:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութ յան պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

 

Պատգամավորը տեղեկացրեց, որ հատկապես շեշտվել է այն հանգամանքը, որ հայտնի 4 ակտիվիստների (Ռասուլ Ջաֆարով, Լեյլա Յունուս, Ինտիգամ Ալիև, Անար Մամադլի) ձերբակալությունները կատարվել են ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ընթացքում:

 

Հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատել նշյալ ակտիվիստներին, զերծ մնալ անհիմն ձերբակալություններից և ապահովել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի հիմքում դրված չափանիշների կիրառությունը:

 

Հանձնաժողովը այս համատեքստում հատկապես նշել է «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. ինչպես հետամուտ լինել մարդու իրավունքների և ազատությունների հարգմանը» զեկույցի պատրաստման անհրաժեշտության մասին: