«Ազատություն» միջազգային ռադիոկայանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի գերագույն դատարանի որոշմամբ իրենց ադրբեջանական ծառայության կայքն արգելափակված թողնելու վերաբերյալ վճիռը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է rferl.org-ը:
Ադրբեջանի գերագույն դատարանում հունիսի 4-ին Մեխպարի Ախմեդովի գլխավորությամբ քննվել էր «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության azadliq.org, azadliq.info կայքերի, «Ազատություն» թերթի, ինչպես նաև արտասահմանում գործող TuranTV կայքի և «Ադրբեջանի ժամանակ» ծրագրի արգելափակման դեմ վճռաբեկ բողոքը:
Ադրբեջանի գերագույն դատարանը մերժել է վճռաբեկ բողոքի հայցը և հաստատել Բաքվի վերաքննիչ դատարանի՝ կայքերն արգելափակման մեջ պահելու վճիռը:
Քննադատելով այս որոշումը՝ «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունն այն անվանել է «անկախ լրատվամիջոցին ճնշելու պետական իշխանության կիրառում»:
«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը, անդրադառնալով կայքի արգելափակման վերաբերյալ որոշմանը, նշել է, որ Ադրբեջանում ազատ լրատվամիջոցների թիրախ լինելու հանգամանքը իրենք հասկացել են դեռևս 2014 թվականին:
«Երբ 2014 թ. մեր գրասենյակը Ադրբեջանի իշխանությունների կողմից անօրինական ճանապարհով և առանց պատշաճ դատավարության փակվեց, մենք հասկացանք, որ անկախ լրատվամիջոցները գտնվում են այդ երկրի իշխանությունների թիրախում, իսկ այս վճիռն էլ հաստատում է այդ հանգամանքը»,-նշել է Քենթը:
Նա ընդգծել է, որ ռադիոկայանի երկու բողոքներ՝ կապված ադրբեջանական ծառայության կայքի արգելափակումը վերացնելու հետ մերժվել են՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները առաջ քաշված մեղադրանքներն ապացուցելու համար ոչ մի փաստ չեն ներկայացրել:
Մարտի 27-ին azadliq.info լրատվական գործակալությանը հայտնել է, որ արգելափակվել են ադրբեջանական «Ազատություն թերթի», «Ազատություն» ռադիոկայանի և meydan.tv-ի կայքերը:
Գործակալությունը նշել էր, որ այս կայքերն արգելափակվել են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից:
Ադրբեջանի իշխանությունները շարունակական հետապնդումների են ենթարկում, ինչպես ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին, այնպես էլ ընդդիմադիր գործունեություն ծավալող և իշխանությունների ապօրինությունները մերկացնող ԶԼՄ-ներին, այդպիսով ցանկանալով երկրում լռեցնել այլակարծությունը և իշխանություններին հակասող ցանկացած կարծիք:
VirtualRoad.org կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանական ընդդիմադիր կայքերը յուրաքանչյուր 15 րոպեն դիտարկվում և ստուգվում են Ադրբեջանի կառավարության համար աշխատող հատուկ կիբեռխմբերի կողմից, իսկ Amnesty International-ը ընդգծել էր, որ այդ խմբերը վիրուսային ծրագրեր են տարածում հայտնի ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների կայքերում: