Ադրբեջանում հայատյացություն դրսեւորումներ կան ոչ միայն մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում, այնպես էլ դասագրքերում եւ մեթոդական ձեռնարկներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Azerichild.education» կայքի շնորհանդեսին այս մասին ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը: Նրա խոսքով' հայատյացությունը եւ առհասարակ այլատյացությունը ադրբեջանական գրականության մեջ ընդգրկված է բոլոր առարկաների' անգամ ռուսաց լեզվի գրքում: «Azerichild.education» կայքը ներկայացված է երկու լեզվով' ռուսերեն եւ անգլերեն: Ադրբեջանում չորրորդ դասարանի երեխան բանաստեղծության մեջ արդեն կարդում է, որ Ադրբեջանն ավելի երջանիկ կլիներ, եթե չլիներ Հայաստանը»,-ասաց նա:
Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան ադրբեջանական գրականության մեջ հայատյացության դրսեւորումների պատկերը որակեց սարսափելի: «Նման դրսեւորումներ կան ոչ միայն պատմության դասագրքերում, այլև գրականության եւ նույնիսկ երաժշտության դասագրքերում: Սկզբնաղբյուրները եւս տեղադրել ենք կայքում: Ընդ որում, ատելություն սերմանող նյութեր կան ոչ միայն հայերի, այլեւ հարեւան վրացիների հանդեպ»,-նշեց քաղաքագետը:
«Azerichild.education» կայքը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։
«Azerichild.education»-ը «Azichild.info»-ի ծավալուն նախագծի մասն է, որտեղ հանրության լայն զանգվածներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հնարավորություն են ստացել ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության տարածման դրսեւորումներին: