2022 թվականի հոկտեմբերի 12-ին Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանում կայացավ Ռուբէն Թարումեանի «Երեք գիրք եւ մի կայք» վերտառությամբ շնորհանդեսը։ Հեղինակը ներկայացրեց իր երեք նոր գրքերը․ Ւ․ Շեքսպիրի սոնետների (հնչյակների) ժողովածուի հայերեն թարգմանությունը, «Խառնուրդ» ժողովածուն եւ Լեոնիդ Ֆիլատովի «Про Федота-стрельца» հեքիաթի հայերեն տեղայնացված թարգմանությունը։
«Խառնուրդ» ժողովածուն կազմված է Ռուբէն Թարումեանի հեղինակային բանաստեղծություններից, ինչպես նաեւ ռուս, անգլիացի, գերմանացի եւ այլ հեղինակների բանաստեղծությունների թարգմանություններից։
Ներկայացնելով սոնետների թարգմանությունը՝ հեղինակը պարզաբանեց, որ իր թարգմանությունը հայերեն 6-րդ լիակատար թարգմանությունն է, եւ առաջինը, որն իրականացվել է բնագրի բանաստեղծական չափի պահպանմամբ։ Բոլոր 154 սոնետները ներկայացված են բնագրով, չափածո եւ տողացի թարգմանությամբ։
Բացի այդ, նա ներկայացրեց Շեքսպիրի սոնետներին նվիրված իր ստեղծած կայքը, ուր ծրագրվում է ներկայացնել սոնետների բոլոր թարգմանությունները, այդ թվում՝ Վարդգես Սուրենյանցի, Գեւորգ Էմինի, Սամվել Մկրտչյանի եւ այլոց, ինչպես նաեւ՝ շեքսպիրագիտական տարբեր նյութեր։
Վերջում հեղինակն ընթերցեց իր բանաստեղծություններից եւ թարգմանություններից մի քանիսը։