Ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contac.az-ը, այս մասին հայտնել է Իսմայիլովայի փաստաբան Յալչին Իմակովը' տեղեկացնելով, որ հունվարի 27-ին Սաբաիլի շրջանային դատարանում քննվելու է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու հարցը:
Իմանովը փաստել է, որ կալանքի երկարացման համար չկա որևէ հիմք և անհրաժեշտություն, քանի որ հետաքննական աշխատանքներ չեն տարվում:
Փաստաբանը հայտնել է նաև, որ իր պաշտպանյալին չեն թույլատրում տեսակցել հարազատների հետ' անօրինական համարելով դա:
Խադիջա Իսմայիլովան 2 ամիս ժամկետով կալանավորվել է դեկտեմբերի 5-ին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել «Ազադլըգ» ռադիոկայանի և «Մեյդան ԹՎ» հեռուստաալիքի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաևի «ինքնասպանության փորձի դրդելու» հետ կապված հարուցված գործով:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որոնց արդյունքում բացահայտվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարիների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:
Խադիջա Իսմայիլովի ձերբակալությունը դատապարտել են Եվրամիությունը, Եվրոպայի Խորհուրդը, ԵԱՀԿ-ը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանների կորպորացիաների գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը , Ադրբեջանի «Մուսավաթ», «Ումիդ», «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները և բազմաթիվ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: