Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործով կարող է նոր դատական նիստ կայանալ, որում կքննարկվի նրա կալանքի ժամկետը երկարեցնելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին տեղեկացնում է միջազգային իրավապաշտպա ն Human Rights Watch կազմակերպությունը:

 

Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը' Արիֆը, քաղաքական հիմնավորում ունեցող մեղադրանքներով նախադատական կալանքի մեջ են գտնվում համապատասխանաբար հուլիսի 30-ից և օգոստոսի 5-ից: «Իշխանությունները պետք է անմիջապես ազատ արձակեն ամուսիններին, հանեն նրանց վրայից մեղադրանքները, ուսումնասիրեն Լեյլա Յունուսի հայտարարությունը բանտում իր նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»,- նշվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

 

Լեյլա Յունուսն Ադրբեջանում Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր տնօրենն է: Նա զբաղվում էր քաղբանտարկյալների, կաշառակերության, անօրինական տեղահանությունների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ժողովրդական դիվանագիտության հարցերով: Պաշտոնական Բաքուն կալանավորել է նրան հայրենիքի դավաճանության, ինչպես նաև Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքներով: