ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Գեորգ Լինքն այսօր խոսել է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան և լրագրող Խադիջա Իսմայլովայի դեպքի մասին՝ կոչ անելով ԵԱՀԿ մասնակից պետություններին զերծ մնալ ճնշումներից կամ մարդկանց անհանգստացնելուց՝ մարդու իրավունքների պաշտպ անությանն ուղղված իրենց օրինական գործունեության համար:
«Իսմայիլովան ձերբակալվել և հարցաքննվել է սեպտեմբերի վերջին' Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ հանդիպումից վերադառնալիս: Ես բարձրացրել եմ նրա հարցը երեկ ԵԱՀԿ Մշտական խորհրդի իմ առաջին զեկույցում' ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանները պետք է կարողանան հետապնդումներից ու ահաբեկումներից ազատ աշխատել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նա:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենը հավելել է, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները պարտավորվել են պաշտպանել մարդու իրավունքների պաշտպաններին և հեշտացնել շփումներն այս առումով ողջ ԵԱՀԿ տարածքում:
Նշվել է, որ Իսմայիլովան կարող է ենթարկվել լուրջ քրեական պատասխանատվության՝ իր իրավապաշտպան գործունեության հետևանքով: