Մենք անհանգստացած ենք «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում իրավապահ մարմինների կողմից խուզարկություն անցկացվելու ժամանակ ռադիոյի աշխատակիցների ձերբակալության եւ հարցաքննության մասին տեղեկություններով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը փակվելու առնչությամբ «Թուրան» լրատվական գործա կալության հարցմանն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության տված պատասխանում:

 

«Խուզարկության եւ աշխատակիցների հարցաքննության պատճառները հայտնի չեն: Մենք պաշտոնական անձանց կոչ ենք անում գործել թափանցիկ, անկախ մամուլի պաշտպանության սկզբունքներին համապատասխան եւ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների շրջանակում: Հուսով ենք, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները կգործեն քաղաքացիների բարեկեցության համար ազատ եւ անկախ մամուլի կարեւորության ընբռնումից ելնելով, ասվում է դեսպանատան պատասխանում:

 

Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության մի խումբ աշխատակիցներ դեկտեմբերի 26-ին ժամը 10:30-ին ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակ եւ խուզարկություն անցկացրել:

 

Գրասենյակում անջատվել են հեռախոսները, համակարգիչները եւ Ինտերնետը: Աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ իրենց համակարգիչներին: Դատախազության աշխատակիցները բռնագրավել են գրասենյակի համակարգիչները, բոլոր փաստաթղթերը եւ գույքը:

 

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հաստատել է տեղեկությունը: Նա ասել է, որ խուզարկությունը կատարվում է Գլխավոր դատախազության Քննչական վարչության կողմից հետաքննվող քրեական գործի շրջանակում: Սակայն, Սուլթանովը չի հստակեցրել, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը:

 

Ենթադրվում է, որ խոսքը տասնյակ հասարակական կազմակերպություններին առնչվող գործի մասին է, որոնք մեղադրվում են օտարեկրյա դրամաշնորհների նախագծերի իրացման ընթացքում «խարդախության, հարկերի վճարումից խուսափելու» մեջ: