Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերը բացահայտ հայատյացության հետևանք էին, որոնք այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական և բարոյական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության և պատկան կառույցների կողմից:
Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Մեր ժողովուրդը իր գնահատականն ու պատասխանը տվել է Արցախի ազատագրմամբ, ինքնիշխանության հռչակմամբ, անկախ պետության կառուցմամբ: Սակայն 3 տասնամյակ առաջ կատարված հանցագործությունները չպետք է քաղաքակիրթ աշխարհի համար մնան որպես պատմության անցած և փակված էջեր: Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ փաստագրական բազան, գուցե, ավելի պակաս է, քան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների գործողությունների մասին փաստերը, սակայն այն պակաս ազդեցիկ չէ, մանավանդ որ ադրբեջանական ֆաշիզմը իր դաժանությամբ և ատելությամբ գերազանցում է հիշյալ ժամանակահատվածում հիտլերյան ֆաշիզմին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ նախագահը շեշտեց, որ Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին, իսկ Ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականները և նրանց ժառանգները՝ արդար դատի:
Արա Բաբլոյանի խոսքով՝ արձագանքը, որն Ադրբեջանում եղավ արցախյան ազատագրական շարժմանը, զարմանալի չէր՝ հաշվի առնելով այն վաղեմի ատելությունը մարդու և, հատկապես, հայի հանդեպ, որ կար ադրբեջանցիների մեջ: «Այդ ատելությունը 30 տարի առաջ ամբողջությամբ բացահայտվեց Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթում: Պետական մակարդակով կազմակերպված և կատարված հանցագործության արդյունքում դաժանորեն սպանվեցին կամ վիրավորվեցին հարյուրավոր հայ բնակիչներ, մեր բազմաթիվ հայրենակիցներ բռնի տեղահանվեցին և ունեզրկվեցին»,- ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը՝ հավելելով, որ բռնություններն ու սպանություններն այնուհետև շարունակվեցին Բաքվում, Գանձակում և Խորհրդային Ադրբեջանի այն բոլոր բնակավայրերում, որտեղ ապրում էին հայեր: