Ակնհայտ էր, որ այդպես երկար շարունակվել չէր կարող:
Եռյակի հրապարակային գործունեության հենց առաջին օրվանից «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը «անկյուն էր քշված»:
Նա հարկադրված էր հետևելու այն կուրսին, կատարելու այն քայլերը, որոնք համաձայնեցված էին Գագիկ Ծառռուկյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև՝ առանց իր մասնակցության: Իսկ երբ Րաֆֆին փորձում էր ընդդիմանալ, հայտնվում էր բավականին ծիծաղելի վիճակում՝ արդեն հասարակության աչքի առաջ, հրապարակավ:
Առաջին հանրահավաքից հետո նա արժանացավ բուռն քննադատության հենց հարթակում կանգնած իր գործընկերների կողմից այն բանի համար, որ հանդգնել էր հրապարակայնացնել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ընդդիմանալու իր դիրքորոշումը:
Սակայն ակնհայտ էր, որ բնավ էլ ԵՏՄ-ն չէ այն հիմնական հարցը, որ դարձել էր «Ժառանգության» նախագահի ու հարթակի նրա գործընկերների հակասությունների պատճառը: Րաֆֆին հայտնվել է մի հոսանքի մեջ, որի ուղղությունը, մոտակա ու հեռակա նպատակները չգիտի: Դա ավելի ակնհայտ դարձավ երկրորդ հանրահավաքի ժամանակ, երբ Րաֆֆիին ավելի կոպիտ հասկացրեցին, որ շարժման մարտավարությունը որոշված է, ու խորհուրդ տվեցին չզբաղվել ինքնագործունեությամբ:
«Հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միացյալ չէ, ուստի և օրակարգն ամբողջական չէ»,- այսօր բացահայտորեն հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս հայտարարությունն արտառոց չէր դիտվի, եթե նախագահական վերջին ընտրություններում ընդդիմության թեկնածու եղած մարդը չհայտարարեր ինքնուրույն ակցիաներ անցկացնելու իր կուսակցության որոշման մասին:
Սա այլ բան չէ, քան դե ֆակտո հայտարարել Եռյակը լքելու իր որոշումը:
Իհարկե, Րաֆֆին ունի նման քայլի քաղաքական ու բարոյական հիմքերը, որովհետև քաղաքականապես օտար մարմին է բացառապես Գագիկ Ծառուկյանի շահերը սպասարկող ձևաչափում:
Սակայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն իր բնավորության համաձայն՝ դարձյալ ամեն բան լղոզված ու ոչ հստակ ասաց, բացի այդ՝ չափազանց ձգձգեց իր ինքնուրույն քաղաքական հայտի ներկայացումը, ինչը սպառնում է հակասություններ, նույնիկ պառակտումներ առաջացնել հենց հարազատ կուսակցությունում, որովհետև անզեն աչքով էլ տեսանելի է, որ Րաֆֆին հայտնվել է քաղաքական մենության մեջ՝ կորցնելով ներկուսակցական տարբեր բևեռներում հայտնված ու հստակ դիրքորոշումների բացակայությունից հոգնած մարդկանց, ընդ որում՝ թե’ այս և թե’ այն կողմից:
Կասկածից վեր է, որ «Ժառանգություն» կուսակցությունն այս պահին չունի ինքնուրույն քաղաքական գործընթաց գեներացնելու որևէ ռեսուրս ու Ազատության հարապարակում դեկտեմբերի 5-ին դրսևորվելու է Րաֆֆիի քաղաքական ֆիասկոն:
2013-ի նախագահական ընտրություններում ահռելի հասարակական ռեսուրս ու վստահություն ստացած մարդն այսօր կորցրել է իր քաղաքական կապիտալը, թիմի զգալի մասը, սկզբունքայնությունը ու վերականգնման դժվարին ճանապարհ պետք է անցնի:
«Ժառանգության» փաստացի հեռացումով ավելի է փոքրանում Լևոն Տեր-Պետրոսյանի մանևրելու հնարավորությունը, ու նրա կուսակցությունն, ըստ էության, կանգնած է ԲՀԿ-ի առջև քաղաքականապես ու նաև դե յուրե կապիտուլացվելու կոնկրետ փաստի առաջ:
Տեր-Պետրոսյանը գուցե հոգեբանորեն դրան պատրաստ է. տարիներ առաջ նա հեշտությամբ հրաժարվեց իրեն այնքան հարազատ ՀՀՇ բառից, «բուրժուադեմոկրատիա» գրավիչ բառի խաղարկմամբ՝ դավաճանեց 2008-ի իրապես համաժողովրդական շարժման սկզբունքներին:
Սուրեն Սուրենյանց