Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատի իրականացրած հատուկ գործողությունը, որի արդյունքում հետ են վերադարձվել խոցված հայկական ուղղաթիռի օդաչուներից մեկի դին և մյուսների մասունքները, ցույց է տալիս, որ թշնամու կողմից ցանկացած սադրանք արժանի հակահարված է ստանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն արել է այն, ինչ պարտավոր էր անել: Սա ցույց է տալիս, որ մեր զինված ուժերն ամբողջությամբ կատարել են իրենց վրա դրված պարտականությունը, որի արդյունքում Ադրբեջանի քաղաքականությունը ֆիասկո ապրեց: Փառք ու պատիվ այն տղաներին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, իրականացրել են այդ գործողությունը և կարողացել են մեր մեկ օդաչուի դին, մյուս երկուսի մասունքները և ուղղաթիռի որոշ պարագաներ վերադարձնել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

 

Նա ընդգծեց, որ սա շատ կարևոր է և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հակառակորդի կողմից ցանկացած սադրիչ և անմարդկային քայլ հայկական զինված ուժերի կողմից արժանի հակահարված է ստանում: «Սա մեր զինվորականների խնդիրն էր, ովքեր շատ բարձր մակարդակով կատարել են իրենց պարտականությունը, կեցցեն իրենք»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

 

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12­-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակությանգործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները ևուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակ որդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: