«Ագարակ-65» հոբելյանական միջոցառումը, որը նոյեմբերի 21-ին անցկացվեց հանրապետության ամենահարավային քաղաքում' Ագարակում, նվիրված էր քաղաքի տոնին: Սայաթ -Նովա թաղամասի մանկական հրապարակի բացման հանդիսավոր արարողությունից հետո միջոցառումները շարունակվեցին քաղաքի նորոգված ու կահավորված մշակույթի պալատում:
Այստեղ էլ միջոցառումը վերածվեց մի յուրօրինակ հաշվետվության, որով ներկայացան քաղաքային իշխանության պատասխանատուները: Իրենց ելույթներում Ագարակի փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը եւ «Ագարակ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վիլեն Համբարձումյանը ներկայացրին վերջին հինգ տարում քաղաքում կատարված աշխատանքները, ինչի արդյունքում արձանագրվել է առաջընթաց:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արհեստակցական միության նախագահ Սամվել Միքայելյանն իր խոսքում կարեւորեց ձեռնարկության վերագործարկումը' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, ինչը նոր շունչ է հաղորդել քաղաքին: Սամվել Միքայելյանը կարեւորեց նա եւ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ջանքերը կոմբինատի անխափան աշխատանքի ապահովման գործում, որի շնորհիվ հաջողվել է խուսափել աշխատատեղերի կրճատումից:
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զախարյանը, շնորհավորելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Ագարակի պատվավոր քաղաքացի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին' տեղական կառավարմանն առնչվող ծրագրերին մշտապես սատարելու համար:
Քաղաքապետը խոսեց նաեւ Ագարակի ընթացիկ տարվա ձեռքբերումների, նաեւ դեռեւս առկա խնդիրների մասին: Տոնական միջոցառումը, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետը Սուրիկ Խաչատրյանը, մարզային ու համայնքային իշխանությունների պատասխանատուներ, տարածաշրջանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի հրամկազմը, ավարտվեց տոնական մեծ համերգով:
Գոհար Իսախանյան