«Կապան' չքնաղ իմ օրրան» կարգախոսով հոկտեմբերի 19-ին Կապանում նշվեց քաղաքի տոնը: Օրը հագեցած էր բազմաթիվ տոնական միջոցառումներով: Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի մասնակցությամբ կատարված օրհնության արարողությունից հետո, Սյունիքի մարզպետի ու Կապանի քաղաքապետի առաջնորդությամբ թարմ ծաղիկ ներ ու ծաղկեպսակներ դրվեցին Բաղաբուրջի եւ Գարեգին Նժդեհի հուշահամալիրներում' հարգելով Կապանի ու կապանցու համար նահատակված հերոսների հիշատակը:
Քաղաքի օրվան նվիրված համաքաղաքային միջոցառումները շարունակվեցին Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում, որտեղ կազմակերպվել էր «Հին ու նոր Կապան» խորագրով ցուցահանդես: Իսկ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու ամառային դահլիճում տոնական համերգ էր կազմակերպվել երեխաների համար: Այստեղ կազմակերպվել էին նաեւ գեղարվեստի, արվեստի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, արվեստի քոլեջի սաների նկարների ցուցահանդես եւ նկարչության մրցույթ: Օրվա ընթացքում անցկացվեցին նաեւ հեծանվավազք եւ կրոսավազք, հաղթողները պարգեւատրվեցին պատվոգրերով, մեդալներով ու թանկարժեք նվերներով:
Քաղաքի երկրագիտական թանգարանում բացվեց կապանցի գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Լորիկ Մինասյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այս տարի եւս քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը տոնի առիթով պատրաստել էր հսկա տորթ, որը բաժանվեց տոնակատարության մասնակիցներին:
Քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները շարունակվեցին երեկոյան' Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, որտեղ անցկացվեց հանդիսավոր նիստ: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ներկայացրեց անցած մեկ տարում քաղաքում կատարված աշխատանքները: Տոնի առիթով շնորհավորելով կապանցիներին' Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Կապանը յուրաքանչյուրիս, նաեւ մեր ապուպապեերի համար հպարտություն է' այստեղ է եղել մեր 200-ամյա Սյունյաց թագավորանիստը, որը պատիվ է բոլորիս համար»:
Նիստի ընթացքում կապանցիներին ներկայացվեց նաեւ «Երկրապահ կամավորական միության» նախագահ, Արցախի հերոս, Կապանի պատվավոր քաղաքացի գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը, որում մասնավորապես ասվում է. «Կապանցի լինելը մեծ հպարտություն է, եւ այդ հպարտությունը դուք վաստակել եք պատմությունից' մշտապես անձնվիրաբար պաշտպանելով ձեր օջախն ու արժանապատվությունը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիսավոր նիստի ժամանակ Կապանի քաղաքապետի կողմից հետմահու «Կապան» ոսկե մեդալ շնորհվեց հինգ հանրաճանաչ կապանցիների, եւս 18 կապանցիներ արժանացան քաղաքապետի պատվոգրի: Համերգային ծրագրով ելույթ ունեցավ քաղաքապետարանի ժողգործիքների համույթը: Տոնը Կապանում ավարտվեց մեծ հրավառությամբ:
Կապանի օրվա առիթով նախորդ օրերին եւս անցկացվել են միջոցառումներ, իսկ նախօրեին ՀԵՀ Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնն իրականացրել է «Դրոշ-հեծանվաարշավ» ծրագիրը: Այն Կապանի օրվան նվիրված նախատոնական միջոցառում էր՝ միտված ընդգծելու անկախ Հայաստանի եւ եռագույնի հանդեպ հարգանքը:
Գոհար Իսախանյան