Ապրիլի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը։
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցեց Հայոց Եկեղեցու հովվապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հոգևորականների խաչվառազարդ թափորով, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վեհարանից ամպհովանիով առաջնորդվեցին դեպի Մայր Տաճար, ուր նրանց դիմավորեցին Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտները, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի անդամները և բազում ուխտավորներ:
Հայրապետական ամպհովանին այս տարի կրում էին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված զինծառայողներ փոխգնդապետ Արտյոմ Գևորգյանը, սերժանտ Շուլի Հակոբյանը, կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանը և շարքային Հարություն Բադալյանը: Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին' որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անդամներ, կրթության և մշակույթի գործիչներ:
Արարարողության ընթացքում Նորին Սրբությունը Սուրբ Էջմիածնից «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսով հայրապետական իր պատգամը հղեց աշխարհասփյուռ հայ ժողովրդին Հիսուս Քրիստոսի Ս. Հարության տոնի առիթով: