Միածնաէջ Մայր Տաճարում, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների և ներկայությամբ ուխտավոր հավատացյալների, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագի սրբազան արարողության ընթացքում Հովնան Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Ս. Աստվածածնի վերափոխման տոնի խորհրդին: Սրբազան Հայրը նաև իր խորհրդածությունները ներկայացրեց շնորհընկալ և պսակավոր Ս. Տիրամոր ամբողջանվեր ծառայության և լուսեղեն կերպարի առնչությամբ' այն համարելով մայրության վեհ գաղափարի կատարելատիպ:

 

«Աստվածամայրը Յուղաբեր կանանց հետ միասին առաջիններից մեկը եղավ, որ ավետեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը և մնաց Երուսաղեմում' տեսնելու իր Որդու խոստումը' Ս. Հոգու Գալուստը:

 

Աստվածամայրը մեզ համար ամեն բանից առաջ մոր կերպար է. մայր' նման բոլոր մայրերին», - նշեց Սրբազան Հայրը:

 

Պատարագիչ Հովնան Սրբազանը, շնորհավորելով ներկաներին տոնի առիթով և հայցելով Ս. Աստվածածնի բարեխոսությունը Հայրենիքի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար, նաև մաղթեց, որ Աստվածամոր շնորհները' իբրև ցող, երկնքից իջնեն բոլոր կանանց և մայրերի վրա:

 

Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը, որի ընթացքում հոգեզմայլ շարականի երգեցողությունից հետո ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, ապա' Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» թուղթը: Արարողությունից հետո խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին հավատացյալ ուխտավոր ժողովրդին: