Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի' հունիսի 23-ին տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովի սկզբում ԳՀԽ անդամներին իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Հայրապետը' ողջունելով նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ներկայությունը ԳՀԽ ժողովին: Նորին Սրբությունն ընդգծել է, որ ժողովը գումարվել է' նկատի ունենալով Երուսաղեմի Հայոց Պատրիարքի Մայր Աթոռում գտնվելու պարագան' քննարկելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հրատապ լուծում պահանջող հարցեր, ինչպես նաև Հայ եկեղեցու թեմերի և կառույցների գործունեությանը վերաբերող խնդիրներ: Ապա Վեհափառ Հայրապետը հրավիրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքին ատենապետելու ժողովը:
Ժողովի ընթացքում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման և Մյուռոնօրհնության արարողության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին զեկույցներ են ներկայացրել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Լսելով ներկայացված զեկույցները' Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանք է հայտնել Սրբադասման ու Մյուռոնօրհնության հանձնախմբերին և Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակին կատարված աշխատանքի համար:
Ժողովին որոշվել է առաջիկա Մյուռոնօրհնության արարողությունն անցկացնել 2015թ. սեպտեմբերի 27-ին' Ս. Վարագա խաչի տոնին: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հանձնարարական է տրվել հանձնախմբերին ձեռնամուխ լինելու միջոցառումների պատշաճ կազմակերպմանը:
Վիրահայոց թեմին վերաբերող խնդիրների վերաբերյալ զեկուցել է թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Անդրադառնալով թեմական կյանքին' ժողովականներն իրենց գնահատանքն են հայտնել Վազգեն Սրբազանին և թեմի եկեղեցականներին Վրաստանում Հայ եկեղեցու և հայ համայնքի իրավունքների պաշտպանությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված իրենց նվիրյալ ջանքերի համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ զեկուցել է հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը' մասնավորապես անդրադառնալով եկեղեցականների պատրաստության, ինչպես նաև սաների հավաքագրման և ընդունելության գործընթացին: Ընդգծելով աշխարհասփյուռ հայության հոգևոր կարիքները հոգալու համար բավարար թվով եկեղեցականների պատրաստության հրամայականը' Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է Գևորգյան հոգևոր ճեմարանում հաստատել հոգևոր-կրթական հաստատությունների դիմորդների հավաքագրման հատուկ գրասենյակ: Այս առնչությամբ հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսչին հանձնարարվել է պատրաստել տեղեկագրեր հոգևոր-կրթական հաստատությունների մասին, նաև թելադրվել է, Նվիրապետական Աթոռների հոգևոր-կրթական հաստատությունների պատասխանատուների հետ համախորհուրդ, մշակել թեմերում և համայնքներում ճեմարանների կարևոր առաքելության և գործունեության իրազեկմանն ուղղված մի ծրագիր, որը հրավեր կուղղի երիտասարդությանն ուսումնառությունը շարունակելու հոգևոր-կրթական հաստատություններում և հետագա ծ առայությունը բերելու Հայ եկեղեցու անդաստանում: