Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր դիվանատան ետնամասում կրկին հավաքվել էին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամներն ու որոշակի գործողություն էին ուզում իրականացնել:

«Բարեբախտաբար, որևէ լուրջ քայլեր չեն հասցրել կատարել և եկեղեցու տարածք չեն մտել: Նրանց բողոքի ակցիային միջամտել է ոստիկանությունը: Իսկ այս պահին եկեղեցու սպասավորներս  բնականոն հունով աշխատում ենք»,- մանրամասնեց Վահրամ քահանա Մելիքյանը: 

 

Ըստ Մելիքյանի՝ շարժման անդամներն իրենց բողոքի ակցիան սկսել են այն ժամանակ, երբմեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, սակայն խանգարել չի հաջողվել վերջիններիս: 

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ Կարեն Պետրոսյանը նշեց, որ իրենց խմբի նպատակնե է եղել Գերագույն խորհրդի ժողովի ժամանակ ևս հիշեցնել Կաթողիկոսի՝ ժողովրդի հետ անհամատեղելիության մասին. «Նա պարզապես անհամատեղելի է հայ ժողովրդի հետ, որտեղ էլ որ լինի՝ պետք է հիշեցնենք նրան այդ մասին»: 

Հիշեցնենք, թավշյա հեղափոխությունից հետո ձևավորվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, որի անդամները համառորեն պայքարում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի  դեմ՝ պահանջելով վերջինիս «հրաժարականը»,  ինչը, որպես այդպիսին՝ լինել չի կարող: Ըստ կարգի՝ հայրապետական աթոռը թողնելու համար Գարեգին Բ-ն պետք է կարգալույծ արվի: 

Հիշեցնենք նաև, որ վերջերս Կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մերզեց Գարեգին Բ-ին թիկնազոր տրամադրելու առաջարկը:

Արմինե Միքայելյան